Հենրիխ Մխիթարյան․ Աստված բոլորին հնարավորությունները բաշխում է հավասարաչափ

22:03   8 մայիսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի»  կիսապաշտպան, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ուղիղ եթերում պատասխանել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ինստագրամյան էջի այցելու երեխաների հարցերին։

«Լավ ֆուտբոլիստ դառնալու գաղտնիք չկա, ավելի շատ ցանկություն է։ Պետք է կարողանաս շատ բաներից քեզ զրկել, նպատակ ունենալ, աշխատել։ Միայն տաղանդը քիչ է, պետք է անել առավելագույնը։ Այդպես է բոլոր բնագավառներում։ Հենց այնպես, ուղղակի ժամանակ անցկացնելու համար իմաստ չկա, ժամանակ ես վատնում։ Պետք է գտնես քոնը, ցանկությունը, նպատակը եւ առաջ շարժվես։

Ես միշտ ասել եմ, որ նպատակս եղել է լավ ֆուտբոլիստ դառնալը, ոչ մի վայրկյան չեմ կասկածել։ Եղել են դժվարություններ, հիասթափություններ, բայց դրանք տեւել են առավելագույնը մեկ օր, եւ ես առաջ եմ շարժվել։

Ֆուտբոլիստի կյանքում շատ են քննադատություններ․ մեկ վատ հանդիպում, եւ բոլորը քեզ քննադատում են։ Պետք է կարողանաս ամեն ինչին պատրաստ լինել։ Եթե հաճույք ստանաս ֆուտբոլից, արդեն երկրպագուներն էլ հաճույք կստանան քո խաղից։

Եթե թույլ եղար, չես կարող ֆուտբոլ խաղալ, այլ մարզաձեւով զբաղվել։ Պետք է ունենաս ամուր նյարդեր եւ դիմադրես այդ ամենին։

Իմ կարիերայում բեկումնային պահերը եղել են բոլոր տեղափոխությունները ակումբից ակումբ։

Աստված բոլորին հնարավորությունները բաշխում է հավասարաչափ, բայց կախված է՝ կօգտվես դրանցից, թե չես օգտվի»,- ասել է Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ «Ռոմայի» ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ չհեռանալ Իտալիայից, քանի որ վերադառնալուց հետո ստիպված կլինեն երկու շաբաթ մեկուսանալ։ Այս շաբաթ «Ռոման» վերսկսել է մարզումները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։