«Բացահայտելով տաղանդների». Հայ վինգերը շվեդական ԱԻԿ-ից (ֆոտո)

10:10   5 մայիսի, 2020

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Շվեդական ԱԻԿ-ի Մ-17 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 16-ամյա հայ վինգեր Հովիգ Դոուլաջյանը:

«Ծնվել եմ Շվեդիայում, ֆուտբոլով սկսել եմ զբաղվել մոտավորապես 4 տարեկանից:»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստը:

«Իմ առաջին ակումբը եղել է Märsta IK-ը, որտեղ խաղացել եմ մինչև 13 տարեկանը: Այնուհետև փորձաշրջան եմ անցել ԱԻԿ-ում և ընդունվել Շվեդիայի լավագույն ակումբներից մեկի ակադեմիան: ԱԻԿ-ի պատանեկան թիմերում հանդես եմ գալիս արդեն 3 տարի: Այս պահին խաղում եմ Շվեդիայի Մ-17 տարեկանների պատանեկան առաջնության Բարձրագույն խմբում:

Հանդես եմ գալիս աջ վինգերի դիրքում: Իմ գլխավոր նպատակը ԱԻԿ-ի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելն ու հիմնական թիմի կազմը համալրելն է:

Նախորդ տարի մենք մասնակցեցինք Gothia Youth Cup մրցաշարին, որտեղ մրցեցինք Բրազիլիան, Դանիան և այլ երկրներ ներկայացնող թիմերի հետ:

Ինձ հետ կապ են հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում հրավիրվելու եմ Հայաստանի Մ-17 տարեկանների պատանեկան հավաքական: Դա մեծ պատիվ կլինի ինձ համար: Ես լավ չեմ խոսում հայերեն, բայց հասկանում եմ գրեթե ամեն ինչ (ժպտում է):

Իմ մայրը՝ Մարալը, ծնվել է Շվեդիայում, իսկ հայրս՝ Աբրահամ Դոուլաջյանը, Սիրիայից է: Նա Ստոկհոլմ է տեղափոխվել 1999 թվականին: Իմ հայրը նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղացել է Հալեպի «Հոմենթմենում», ինչպես նաև` Լիբանանի և Շվեդիայի առաջնություններում»,- նշել է Հովիգ Դոուլաջյանը:

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.