Էրիկ Վարդանյան․ 2 ամսից կկարողանամ լիարժեք մասնակցել թիմի մարզումներին

19:09   4 մայիսի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր վերականգման ընթացքի, «Սոչիում» հարմարվելու գործընթացի մասին և նշել մարզումները վերսկսելու մոտավոր ժամկետները: 

«Վերականգնումս ընթանում է նորմալ հունով: Ապրիլի սկզբներին արդեն պետք է կարողանայի վազել, բայց ծնկիս հետ կապված նոր խնդիրներ առաջացան: Հենց դրանց պատճառով վերականգման գործընթացը նախանշված ժամկետներից մի փոքր ուշ կավարտվի: Կարծում եմ՝ 2 ամսից կկարողանամ լիարժեք կերպով մասնակցել թիմի մարզումներին:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սոչիում, նույն իրավիճակն է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: Ճիշտ է՝ թիմը մարզումներ է անցկացնում մարզաբազայում, բայց բոլորը զգուշավոր են և սպասողական: Հույս ունենք, որ շուտով իրավիճակը կկարգավորվի և կրկին հաճույք կստանանք ֆուտբոլից:

Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատ միասնական և համերաշխ կոլեկտիվ է. բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ:

Ալեքսանդր Կարապետյանը սկզբնական փուլում ինձ շատ օգնեց խորհուրդներով և կենցաղային հարցերով: Բացի այդ, ես էլ այստեղ ծանոթներ ունեմ և դրա շնորհիվ կարողացա շուտ հարմարվել ինչպես քաղաքին, այնպես էլ թիմին»,- ասել է Էրիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Վարդանյանը ծնկահոդի վիրահատության էր ենթարկվել դեկտեմբերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։