Սլավիկ Գալստյան․ Ոչնչից չեմ վախենում, քանի որ վստահ եմ՝ սա էլ կանցնենք

09:11   17 ապրիլի, 2020

Ափսոսում եմ՝ կորցրած ժամանակի համար. շատ լավ էի պատրաստվել այս տարվա մրցաշարերին: Հիմա ամեն ինչ պետք է սկսեմ նորից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:

Նա Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգրի հավակնորդներից մեկն է: Աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելուց հետո, երիտասարդ ըմբիշը փոխեց քաշային կարգը՝ օլիմպիական, որպեսզի հնարավորություն ունենա պայքարել օլիմպիական ուղեգրի համար:

Այժմ Սլավիկը բավարարվում է բացօթյա մարզումներով, մինչեւ ավարտվի կարանտինը եւ վերսկսի մարզումները եւ պատրաստվի օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Սլավիկ, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Օրերս հիմնականում տանն եմ անցկացնում՝ ստեղծված իրավիճակից ելնելով: Մարզումներս կազմակերպում եմ բացօթյա: Դեռեւս միայն այդպես կարող ենք մարզվել, մինչեւ կվերադառնանք մարզադահլիճներ:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւո՞ւմ ես #մնատանը հորդորին:

Դժվարությունները հենց մարզումները կազմակերպելու հետ են պայմանավորված: Մի փոքր դժվար է լինում գոտիներ գտնել մարզվելու համար, բայց հարմարեցնում եմ:

Ինչ վերաբերում է #մնատանը հորդորին, հետեւում եմ, բայց միայն մարզումներից հետո:

Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը:

Աշխարհում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակը մեկ բառով կանվանեմ քաոս: Սա իսկական քաոս է, որը պետք է բոլորով հաղթենք: Պետք է բոլորս պայքար տանենք, բոլորով միավորվենք եւ հաղթահարենք, որպեսզի դուրս գանք այս քաոսի միջից:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Իրականում ոչնչից չեմ վախենում, քանի որ վստահ եմ՝ սա էլ կանցնենք, ամեն ինչ լավ կլինի, քանի որ Աստված մեզ հետ է:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ երկու բանի համար. առաջինն այն բանի, որ այս պանդեմիան՝ կորոնավիրուսը այդքան մարդկային կյանքեր խլեց ու շարունակում է խլել:

Երկրորդ բանը, որ ափսոսում եմ՝ կորցրած ժամանակն է: Շատ լավ էի պատրաստվել այս տարվա մրցաշարերին: Հիմա պետք է ամեն ինչ սկսեմ նորից:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Ազատ ժամանակ սիրում եմ համակարգչով ֆուտբոլ խաղալ: Այս շրջանում ժամանակս դրանով եմ լցնում մարզումներից դուրս:

3 ֆիլմ, որ խորհուրդ կտաս դիտել տանը այս օրերին:

«Երջանկության հետեւից» (2006)  

«Գահերի խաղը» (2011)  

«Օրինապահ քաղաքացին» (2009) 

Գի՞րք...

Նապոլեոն Հիլլ՝ «Մտածիր եւ հարստացիր», Ալեքսանդր Դյումա՝ «Կոմս Մոնտե Քրիստո», Պաուլո Կոելյո՝  «Ալքիմիկոսը»

#ՄնաՏանը...

Մնանք տանը, հայեր: Լինենք ուժեղ եւ հասկանանք, որ այս վարակը անցողիկ է, միասին պայքարելով՝ սա էլ կհաղթահարենք:

Շնորհակալություն...

Շնորհակալություն մեր պետությանը, պետական համակարգին, որ ամեն ինչ արվում է ժողովրդի կողքին լինելու եւ ամեն ինչով աջակցելու համար այս ծանր ժամանակաշրջանում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։