11:11 16 ապրիլի, 2020NEWS.am Sport-ը ներկայացնում է արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:
Լևերկուզենի «Բայերի» պատանեկան թիմում հանդես է գալիս այս խորագրի ամենաերիտասարդ հերոսը՝ 8-ամյա փլեյմեյքեր Լեոն Սկրիպինը, որը ցանկանում է առաջ շարժվել Բունդեսլիգան նվաճած Հենրիխ Մխիթարյանի և Գերմանիայի առաջնության բացահայտում դարձած Սարգիս Ադամյանի հետքերով:

«20 տարի առաջ Գերմանիա տեղափոխվեցինք Արցախից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեոնի հայրը՝ Արամը:
«Լեոնին նկատեցին FT Dützen-ում և հրավիրեցին «Բայեր»: Լևերկուզենյան ակումբի մարզադպրոցը լավագույններից է Գերմանիայում` «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ մեկտեղ: Սա հիանալի տարբերակ է երիտասարդ խաղացողների աճի համար, ուստի ես որոշեցի, որ պետք է օգտագործեմ այս հնարավորությունը:

Լեոնի բոլոր մտքերը կապված են ֆուտբոլի հետ: Ես անընդհատ նրան բացատրում եմ, թե որքան կարևոր է հայ ժողովրդի համար այն, որ մեր հայրենակիցները հաջողությունների են հասնում արտերկրում:
Կորոնավիրուսը խանգարեց մեզ մասնակցել Իսպանիայում «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ մանկապատանեկան հեղինակավոր մրցաշարի: Սակայն, ամեն ինչ դեռ առջևում է: Չստացվեց այս անգամ` կստացվի հաջորդ անգամ (ծիծաղում է):

Այո, մենք ապրում ենք արտասահմանում, բայց ես փորձում եմ իմ որդու մեջ սերմանել հայրենասիրության զգացողություն, մեր ընտանիքում շատ կարևոր տեղ է հատկացվում հայկական մշակույթին, տանը հայերեն ենք խոսում: Շատ շնորհակալություն մեր հայրենակիցներին` նրանց ցուցաբերած աջակցության համար: Ցանկանում ենք այցելել Հայաստան, որտեղ ես չեմ եղել շուրջ 10 տարի: Եթե կորոնավիրուսը չխանգարի, մենք դա կանենք արդեն այս ամառ: Եթե մոտ ապագայում հնարավորություն լինի համագործակցել հայկական ֆուտբոլի հետ, միայն ուրախ կլինենք»,- նշել է Արամ Սկրիպինը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.