Իկեր Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»

21:11   8 ապրիլի, 2020

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկություն է հայտնել մարզչական կամ այլ աշխատանքի անցնել Արքայական ակումբի համակարգում։

«Այո, 5 տարի չեմ եղել «Ռեալում», բայց այդ ակումբն իմ տունն է։ «Ռեալում» եմ անցկացրել 25 տարի եւ վստահ եմ, որ մի օր կվերադառնամ որեւէ կարգավիճակում։ Դա իմ ցանկությունն է»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Կասիլյասը 2015 թվականին «Ռեալից» տեղափոխվել էր պորտուգալական «Պորտու»։ «Ռեալի» առաջին թիմում նա անցկացրել է ավելի քան 700 հանդիպում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր։

Ազգային հավաքականում 38-ամյա դարպասապահը նորամուտը նշել է 2000 թվականին, իսկ կարիերան ավարտել՝ 2016-ին: Իսպանիայի հավաքականի հետ Իկեր Կասիլյասը դարձել է 2010թ․ աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012):

Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը նոյեմբերին վերսկսել էր մարզումները: Ավելի վաղ իսպանական ֆուտբոլի լեգենդը հայտարարել էր, որ կառաջադրվի Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի կունենա այս տարվա աշնանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։