Հայկական սպորտի աստղերի շնորհավորանքները Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ (ֆոտո)

19:44   7 ապրիլի, 2020

Սպորտում կանանց, մասնավորապես, մայրերի դերը շատ մեծ է: Յուրաքանչյուր մարզիկի կյանքում ամենաշատ անհանգստացողը, երկրպագողը եւ հաղթանակի սպասողը մայրն է: Այդպիսին են նաեւ հայ մայրերը, որոնք մեր մարզիկների ամեն մրցելույթի հետ ապրում են, հուզվում, անհանգստանում, հպարտանում, հաղթանակի դեպքում երջանկության վայրկյաններ ապրում, պարտության դեպքում էլ իրենց զավակներից շատ տխրում: Պատահական չէ, որ ասում են՝ չեմպիոնին կերտում է նաեւ մայրը:

Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության եւ գեղեցկության օրը: Տոնական օրվա կապակցությամբ NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի աստղերի շնորհավորանքներն ուղղված հայ մայրերին, կանանց եւ աղջիկներին, ինչպես նաեւ իրենց կյանքի ամենակարեւոր կանանց՝ մայրերին եւ դուստրերին:

Հակոբ Մկրտչյան - աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

«Շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ աղջիկներին մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ երկար տարիների կյանք: Միշտ ժպտան եւ միշտ բարին տիրի իրենց կյանքում: Շնորհավորում եմ նաեւ աղջկաս, կնոջս ու մայրիկիս: Կուզեմ, որ աղջիկս անհոգ մանկություն ունենա, կինս եւ մայրիկս լինեն միշտ այսքան գեղեցիկ եւ, ամենակարեւորը, առողջ»:

Գեւորգ Ղարիբյան - Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

«Սիրելի կանայք եւ աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մայրության եւ գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ: Մաղթում եմ կանացի մեծ երջանկություն եւ անսահման սեր: Միշտ եղեք գեղեցիկ: Միշտ եղեք սիրված թե որպես կին, թե որպես քույր եւ ամենակարեւորը, որպես մայր»:

Արթուր Դավթյան - Եվրոպական խաղերի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

«Շնորհավորում եմ աշխարհի ամենաբարի, նուրբ եւ գեղեցիկ հայ մայրերի, կանանց եւ աղջիկների տոնը: Թող Ձեր ներկայության ամեն նոր օր լցնի մեր օրը, եղեք առողջ եւ սիրով շրջապատված: Շնորհավորում եմ նաեւ մայրիկիս, կնոջս եւ դստերս՝ փոքրիկ Ալիսայի ապրիլի 7-ը: Սիրում եմ Ձեզ շատ»:

Արթուր Հովհաննիսյան - Եվրոպայի չեմպիոն (բռնցքամարտ)

«Շնորհավորում եմ աշխարհի ամենահմայիչ, հոգատար եւ օրինակելի ՀԱՅ Մայրերի եւ ՀԱՅ գեղեցկուհիների տոնը: Թող Ձեր հոգում միշտ տոն լինի»:

Սլավիկ Գալստյան - աշխարհի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ)

«Շնորհավորում եմ հայ մայրերին, կանանց եւ աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս կյանքում Ձեզ միայն ու միայն բարին եւ լավ օրերը ուղեկից լինեն»:

Կարապետ Չալյան - Եվրոպական խաղերի փոխչեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

«Շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրերին եւ քույրերին այս գեղեցիկ տոնի առթիվ: Միշտ եղեք գեղեցիկ ու սիրված»:

Ֆերդինանդ Կարապետյան - Եվրոպայի չեմպիոն (ձյուդո)

«Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ այս բարի ու գեղեցիկ օրը ցանկանում եմ շնորհավորել բոլոր հայ մայրերին, կանանց, քույրերին, սիրած աղջիկներին: Ցանկանում եմ երջանկություն, առողջություն, սեր եւ ընտանեկան ներդաշնակություն»:  

Կարեն Ասլանյան - Եվրոպայի բրոնզե մեդալակիր (հունահռոմեական ըմբշամարտ)

«Սիրելի մայրեր, տիկնայք եւ աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս հիասքանչ օրվա՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսահման սեր եւ երջանկություն»:

Վալոդյա Ֆրանգուլյան - Եվրոպայի բրոնզե մեդալակիր (ազատ ոճի ըմբշամարտ)

«Շնորհավորում եմ մեր մայրերին եւ քույրերին այս գեղեցիկ ու բարի տոնի կապակցությամբ: Եղեք առողջ, երջանիկ եւ, ամենակարեւորը, սիրված: Այս տոնն իմ կողմից առանձնահատուկ սիրված է, եւ կցանկանամ, որ ամեն կին զգա մայր դառնալու քաղցրությունը: Մեր մայրերը թող միշտ հպարտանան իրենց զավակներով: Սիրում եմ Ձեզ շատ»:

Էդգար Ստեփանյան - Եվրոպայի Մ23 չեմպիոն (հեծանվասպորտ)

«Սիրելի մայրեր եւ քույրեր, շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու գեղեցկության օրվա առիթով: Տոնական այս օրն առանձնակի շնորհավորում եմ այն մայրերին, որոնց զավակներն այսօր պաշտպանում են մեր երկրի անվտանգությունը, նաեւ բուժաշխատող կանանց, որոնք օր ու գիշեր պայքարում են մարդկային կյանքերի համար»:

Նարեկ Աբգարյան - WBC-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող (պրոֆեսիոնալ բռնցքամարտ)

«Շնորհավորում եմ բոլոր մայրերի տոնը: Չեմ ցանկանում շատ բառեր ասել, այլ ուղղակի կասեմ՝ առողջ եղեք: Մենք Ձեզ շատ ենք սիրում»:

Սլավիկ Հայրապետյան - Հայաստանի առաջատար գեղասահորդ

«Սիրելի մայրեր, քույրեր, տիկնայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ Ձեզ մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթում եմ միշտ բարձր տրամադրություն, ամուր սեր, երջանկություն եւ առողջություն: Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս»:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։