Մյուլերը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ (ֆոտո)

14:10   7 ապրիլի, 2020

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը երկարաձգել է ակումբի հետ համագործակցության ժամկետը, տեղեկացնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

«Մեզ համար Մյուլերն առանցքային ֆուտբոլիստ է: Նա «Բավարիայի» խորհրդանիշներից մեկն է, որը վայելում է ակումբի երկրպագուների սերն ու աջակցությունը: Մյուլերն իսկական առաջատար է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

«Ուրախ եմ և հպարտ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ Մյուլերի հետ նրա պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու հարցում: Շնորհակալ եմ Թոմասին և նրա խորհրդականին ազնիվ և վստահելի քննարկումների համար»,- Մյուլերի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո ասել է «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:

«Թոմասը «Բավարիայի» խորհրդանիշներից մեկն է և շատ կարևոր դեր ունի ակումբում: Անկասկած, առաջիկա տարիներին ևս նա հանդես կգա կարմիր և սպիտակ խաղաշապիկով»,- Թվիթերի իր էջում գրել է «Բավարիայի» լեգենդար դարպասապահ, ակումբի կառավարման խորհրդի անդամ Օլիվեր Կանը:

Image

Image

Image

Image

Թոմաս Մյուլերը «Բավարիայի» ակումբային ակադեմիա է ընդունվել 2000 թվականին: Ակումբի հիմնական թիմի կազմում Մյուլերն իր մրցելույթները սկսել է 2008 թվականից՝ ակումբի կազմում մասնակցելով 343 հանդիպման և խփելով 116 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։