Արթուր Ալեքսանյան․ Շնորհակալություն բուժաշխատողներին, նրանք մերօրյա հերոսներն են

17:08   6 ապրիլի, 2020

Ափսոսում եմ, որ հետաձգվեց Տոկիո-2020-ը, բայց մարդկային կյանքը վեր է ամեն ինչից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Մինչեւ կորոնավիրուսի պանդեմիան օլիմպիական չեմպիոնը Եվրոպայի առաջնությունից հետո «բռնել» էր Տոկիո-2020-ի ճանապարհը՝ օր ու գիշեր մարզվելով մի նպատակի համար. դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն:

Բայց համաշխարհային պանդեմիան խախտեց բոլորի, այդ թվում եւ Արթուր Ալեքսանյանի ծրագրերը՝ հետաձգելով նպատակները մեկ տարով:

Այս օրերին օլիմպիական չեմպիոնը Գյումրիում է՝ տանը, մարզումներն էլ միայն բացօթյա են, ինչպես ցուցված է:

Արթուր, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Հիմնականում տանն եմ լինում: Մարզումներս կազմակերպում եմ բացօթյա, քանի որ բոլոր մարզադահլիճները փակ են: Ամեն օր մարզվում եմ, որպեսզի կարողանամ մարզավիճակում մնալ մինչեւ մարզադահլիճներ վերադառնալը:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւում ես #ՄնաՏանը հորդորին:

Հնարավորինս հետեւում եմ եւ ինքս էլ հորդորում եմ բոլորին մնալ տանը, քանի որ դա մեր առողջության, մեզ համար է արվում: Դժվարությունն այն է, որ տանը մնալը խանգարում է իմ բնականոն մարզումներին: Փորձում եմ հարմարվել:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Վախ չէ. անհնագստություն: Իրականում անհանգստանում եմ վաղվա օրվա համար: Մտածում եմ մեր ժողովրդի առողջության եւ այս պանդեմիայի հետեւանքների մասին: Ուզում եմ, որ բոլորը առողջ լինեն:  Իմ կարծիքով՝ սա փորձություն է. մեծ պայքար կյանքի համար: Պետք է հաղթենք այս պայքարում:

Ինչպե՞ս ես գնահատում մեր երկրում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարը:

Շատ բարձր եմ գնահատում: Մեր բուժաշխատողների աշխատանքն անգնահատելի է. իրենք կյանքը վտանգելով պայքարում են այս վիրուսի դեմ:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ Տոկիո-2020-ի հետաձգվելու համար: Լավ կլիներ, որ այս տարի ամռանն այն անցկացվեր: Ափսոսում եմ, քանի որ արդեն ունեի լավ մարզավիճակ եւ վստահ գնալու էի երկրորդ օլիմպիական ոսկե մեդալի համար: Բայց ինձ համար մարդկային կյանքը վեր է ամեն ինչից: Մեկ տարի անց էլ իմ նպատակը նույնն է մնալու:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Գիրք եմ կարդում կամ ֆիլմ եմ դիտում:  

Ո՞ր ֆիլմը խորհուրդ կտաս դիտել այս օրերին տանը:

«Заражение» («Վարակում», 2011), ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի ֆիլմը:

Գի՞րք...

Այս պահին կարդում եմ Մուհամեդ Ալիի մասին պատմող գիրքը: Խորհուրդ կտամ կարդալ նաեւ Աբրահամ Լինքոլնի կենսագրական գիրքը: Նրա անցած ուղին ինձ շատ տպավորել է:

#ՄնաՏանը...

Մնացեք տանը, իսկապես... Կոչս է բոլորին՝ հայ ազգին, մնացեք տանը: Տանը մնալով՝ կփրկեք մարդկային կյանքեր, ինչն ամենաթանկն է այս աշխարհում:

Շնորհակալություն...

Շնորհակալությունս մեր բուժաշխատողներին, բոլոր այն մարդկանց, որոնք առաջին գծում պայքար են տանում, կյանքեր են փրկում: Նրանք մերօրյա հերոսներն են, եւ ես հպարտանում եմ նրանցից յուրաքանչյուրով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։