10:10 2 ապրիլի, 2020Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը Diario Armenia-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի կազմում հարմարվելու, հավաքականից կրկին հրավեր ստանալու ցանկության, լեզվական խնդիրների և Խոակին Կապարոսի նշանակման մասին:
Արգենտինայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 խաղում 24-ամյա հարձակվողը, որի խաղի մասին բարձր կարծիք էր հայտնել արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, դարձել է 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Բալեկյանը մասնակցել է 4 հանդիպման:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՄՈԲԻԼ ԹԻՄ Է»
«Հայաստանի ազգային հավաքականում խաղալը հրաշալի փորձ է ինձ համար: Սեփական երկրի ազգային ընտրանին ներկայացնելը մեծ պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար:
Հայաստանի ազգային հավաքականը հետաքրքիր և մոբիլ թիմ է, որտեղ հավաքված են ֆուտբոլիստներ տարբեր առաջնություններից: Այս հավաքականն աչքի է ընկնում իր դինամիկ խաղով:
Հավաքականում հարմարվելու ընթացքը լավ է անցել, չնայած երկրորդ հավաքի ընթացքում եղանակը բավականին ցուրտ էր: Գո՞հ եմ հավաքականի կազմում իմ խաղից: Այո, սակայն զգում եմ, որ ավելիին եմ ընդունակ: Ժամային գոտու փոփոխությունն ինձանից մոտ մեկ շաբաթ է պահանջում քնի սովորական ռեժիմին վերադառնալու համար: Իհարկե, սա իր ազդեցությունն ունենում է իմ խաղի վրա:
Եթե նոր հրավեր ստանամ հավաքականից, ապա առանց վարանելու կընդունեմ այն: Դա իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի համար շատ կարևոր էջ է»:

ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
«Երևանն ինձ շատ է դուրս եկել: ժամանակի մեծ մասը ծախսել եմ մարզումների վրա, սակայն երբ, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս գալ քաղաք, Երևանն ու իմ հանդեպ մարդկանց վերաբերմունքն ինձ, իսկապես, շատ են դուր եկել:
Իմ եղբայրներն Արգենտինայի հայկական համայնքի անդամ են: Ես ևս մեծ ցանկություն ունեմ մասնակցել համայնքի կյանքին»:

ԼԵԶՎԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ ԿԱՄ «ԻՍՊԱՆԵՐԵՆ՝ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ»
«Ինձ համար մի փոքր դժվար էր շփվել հավաքականում իմ այն խաղընկերների հետ, որոնք խոսում էին միայն հայերեն: Այնուամենայնիվ, այդ հարցում մեզ օգնում էր թարգմանիչը:
Իսպաներենով շփվում էի Մխիթարյանի և տղաներից ևս մի քանիսի հետ: Կառանձնացնեմ նաև Ալեքսանդր Կարապետյանին, որի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ»:
ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՐՈՍԻ ՄԱՍԻՆ
«Խոակին Կապարոսը մեծ փորձ ունեցող մասնագետ է, որն անվանի թիմեր է մարզել: Կարծում եմ, որ նա կօգնի մեզ հասնել հավաքականի առջև դրված նպատակներին»:
Թարգմանեց Սամվել Սուքիասյանը

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.