Մոնրո Արարատը՝ Կապարոսի և կորոնավիրուսի մասին. Հայաստանի հավաքականի պաշտպանը դիմել է հայրենակիցներին (ֆոտո)

10:10   31 մարտի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մարզավիճակը պահպանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև կիսվել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներով: Մոնրո Արարատը հարցազրույցի վերջում կոչով դիմել է հայրենակիցներին:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻ ՄԱՍԻՆ

«Ամեն օր մարզվում եմ տնային պայմաններում: Մեր թիմի ֆիզիկական պատրաստության մարզիչը պարբերաբար տեսազանգերի միջոցով ցուցումներ է տալիս՝ ինչ վարժություններ կատարենք, որպեսզի տնային պայմաններում պահպանենք մարզավիճակը:

Կոլումբիայում իրավիճակն այնպես է, ինչպես ամբողջ աշխարհում: Շատերը դեռ լուրջ չեն վարաբերվում այս վիրուսին և դուրս են գալիս փողոց, կարծես ոչինչ չի էլ եղել: Ցավոք, Իտալիայի օրինակը բոլորիս աչքի առաջ է»:

ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՐՈՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈւՄ ԻՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, որ Խոակին Կապարոսի նշանակումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի հավաքականի վրա, սակայն ֆուտբոլիստներն, իրենց հերթին, պետք է կատարեն մարզիչի ցուցումները, որպեսզի հասնենք հաջողության: Մեր հրաշալի երկրպագուներն արժանի են մեծ հաջողության ականատեսը դառնալ: Բոլորս մեկ ընդհանուր նպատակ ունենք:

Այո, ես և հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը խոսում ենք նույն լեզվով, սակայն առավել կարևոր են ֆուտբոլային որակները: Պետք է իմ արագության, փոխանցումների և գոլերի շնորհիվ ապացուցեմ՝ ինչի եմ ընդունակ: Առավելագույն ուժերս կներդնեմ, որպեսզի ամրապնդեմ իմ տեղը հավաքականի մեկնարկային կազմում»:

«ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹՈՂ ԴՈւՐՍ ԳԱՆՔ ԱՅՍ ԴԻՄԱԿԱՅՈւԹՅՈՒՆԻՑ»

«Ցանկանում եմ ջերմ ողջույններ հղել համայն հայությանը: Այս օրերին ամբողջ աշխարհն անցնում է շատ դժվար փորձության միջով, մենք սովոր չէինք ամբողջ ժամանակն անցկացնել տանը, սակայն հիմա դա ավելի քան անհրաժեշտ է: Եկեք անենք դա հանուն մեր ընտանիքների, մեր ընկերների և, ի վերջո, հանուն ինքներս մեզ: Պետք է միասին հաղթող դուրս գանք այս դիմակայությունից: Գրկում եմ բոլորիդ»:

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.