ԲՀԱՖ. Հայաստանի պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ Լոնդոն չի մեկնել

13:35   28 մարտի, 2020

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան հերքել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից տրամադրված այն տեղեկությունը, թե Լոնդոնում դադարեցված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձիք:

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների հիմքում: news.am-ին և topsports.am-ին տված պատասխանում ֆեդերացիան հերթական սուտ տեղեկությունն է տարածել, որ իբր բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող մարդիկ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ, պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի դեպ, hենց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ու ՀԱՕԿԻ կողմից տրված համատեղ հայտով է Հայաստանի պատվիրակությունը մասնակցել վարկանիշային մրցաշարին:

Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ, ուստի ՀԲՖ-ն ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսակետից իրավունք չունի հայտարարություն տարածել Լոնդոն մեկնած բռնցքամարտի պատվիրակության վերաբերյալ, առավել ևս, եթե նման հայտարարություններն արգելվում են ՀՀ օրենքով»,- ասված է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

NEWS.am Sport-ի թղթակցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած վարկանիշային մրցաշարը 3 օր անց դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մասնակից երկրների թիմերը, այդ թվում Հայաստանի հավաքականը վերադարձան հայրենիք: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լոնդոնի մրցաշարին մեկնել էր 10 բռնցքամարտիկով: 52 կգ քաշային Կարյուն Սողոմոնյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։