ԻՖՖ նախագահ. Արդար չի լինի, եթե առանց մրցաշրջանն ավարտելու «Բարսելոնան» չեմպիոն հռչակվի

10:12   18 մարտի, 2020

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը բացառել է առանց Լա Լիգայի մրցաշրջանն ավարտելու չեմպիոնի որոշման հնարավորությունը:

«Արդար չի լինի, եթե մրցաշարը դադարեցվի և չեմպիոն հռչակվի այս պահին առաջատարը՝ «Բարսելոնան»: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ տեղի կունենա մնացած տուրերից հետո: 

ՈւԵՖԱ-ի հետ պայմանավորվածություն ունենք մրցաշրջանն ավարտել ամենաուշը հունիսի 30-ին: Տեսնենք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները կապված կորոնավիրուսի հետ»,- Ռուբիալեսի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին տեղի ունեցած կազմակերպության անդամ երկրների ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսում որոշել է Եվրո-2020-ը հետաձգել և անցկացնել 2021թ․ հունիսի 11-ից հուլիսի 11-ը՝ առաջնահերթությունը տալով ազգային առաջնությունները և եվրագավաթային մրցաշարերը ավարտին հասցնելուն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։