23:24 6 սեպտեմբերի, 2012Ռուսաստանում ավարտվեց ունիվերսալ մարտերի 18-ից 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Գերազանց ելույթ ունեցավ Հայաստանի միակ ներկայացուցիչ, 70 կիլոգրամ քաշային Աննա Բադալյանը, ով Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց նախ «Թեթեւ ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտ» կարգում, հաղորդում են Հայաստանի ունիմարտի ֆեդերացիայից։
«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն եւ ձեռնամարտ: Թեեւ այն նոր մարզաձեւ է, սակայն տարեց տարի՝ ընդլայնելով աշխարհագրությունը, մեծ տարածում է գտնում: Այս առաջնությունում բոլորից շատ մեդալ է նվաճել Ռուսաստանի հավաքականը. 23 ոսկի, 21 արծաթ, 32 բրոնզ, երկրորդն ուկրաինացիներն են՝ 5 ոսկի, 6 արծաթ, 4 բրոնզ:
Գոյություն ունի նաեւ «Ձմեռային ունիվերսալ մարտեր» մարզաձեւը, ուր ներառված է նաեւ դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:
«Ձմեռային ունիվերսալ մարտերն» ընդգրկված են 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներում։
Ունիմարտ մարզաձեւն ունի ռազմակիրառական նշանակություն եւ ֆեդերացիաներ կան արդեն ավելի քան երեք տասնյակ երկրում: Հայաստանի «Ունիվերսալ մարտերի» ֆեդերացիան գործում է երկրորդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ գործում է հայ սամբիստների բազայի վրա: Առհասարակ, ունիմարտի մրցումներին մասնակցում են մենապայքարային ձեւերի մարզիկներ, հիմնականում՝ սամբիստներ եւ ձյուդոիստներ ու Հայաստանն էլ բացառություն չէ:
Լուսանկարում՝ Աննա Բադալյանը եւ Հայաստանի Ունիմարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.