Ռոբերտ Խաչատրյան. ՀԱՕԿ-ը և ՀԸՖ-ն երբեք չեն խառնվել մարզչական որոշումներին

17:28   27 փետրվարի, 2020

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեկնաբանել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությունները:

«Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել ենք Կարապետ Չալյանի՝ ԱԱ-ում մեդալ չնվաճելու դեպքում շարունակել պայքարը՝ միջազգային մրցման միջոցով որոշելու լավագույնին:

Այդ հանդիպման ընթացքում ՉԻ խոսվել թե կոնկրետ ինչ մրցաշարի մասին է խոսքը:

Որոշ ժամանակ անց, եղել է ևս մեկ հանդիպում՝ ՀԱՕԿ նախագահի, Արսեն Ջուլֆալակյանի, Լևոն Ջուլֆալակյանի և իմ միջև, որի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը խնդրել է Հայաստանի առաջնությանը չմասնակցելու թույլտվություն՝ ինչին ընդառաջել ենք:

Ջուլֆալայնանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը և ցանկանում են մրցաշարի մեկնել գարնանը:

Առաջարկին ո՛չ ՀԱՕԿ նախագահը, ո՛չ էլ ես չենք առարկել, սակայն նման որոշում պետք է կայացնեն հավաքականի մարզիչները, ոչ թե մենք:

Այդ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ՀԱՕԿ նախագահի և ինձ մոտ են եկել Հայաստանի հավաքականի մարզիչները և հայտնել են, որ իրենք ունեն իրենց նախապատրաստական առանձին փուլը, ուստի նպատակահարմար և ճիշտ են գտնում, որ որոշիչ մրցաշարը լինի հունվարին:

Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ ՀԸՖ-ն երբեք չեն խառնվել մարզչական որոշումներին՝ մարզիչների առաջարկին որևէ առարկություն չի եղել:

Մրցաշարից 2.5 ամիս առաջ ես Լևոն Ջուլֆալակյանին հրավիրել եմ ֆեդերացիա, որտեղ հայտնել եմ մարզչական խորհրդի որոշումը և մշտական կապի մեջ եմ եղել Լևոն Ջուլֆալակյանի հետ:

Մենք զերծ ենք մնում մարզչական շտաբի աշխատանքի և կայացած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ սպորտն այն ոլորտն է, որտեղ արդյունքները խոսում են իրենք իրենց փոխարեն: Ձախողելու պարագայում՝ մարզիչներն իրենց որոշումների համար պատասխանատվություն կկրեն», - Ռոբերտ Խաչատրյանի խոսքը փոխանցում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Արսեն Ջուլֆալակյանն ապօրինի էր համարել իրեն՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից զրկելու Հայաստանի ըմբշամարտի մարզչական կազմի որոշումը, իսկ Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ իր որդուն ցանկանում են թունավորել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։