«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում

21:49   19 փետրվարի, 2020

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», տեղեկացնում է Sky Italia-ն:

«Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է օգտվել ՈւԵՖԱ-ի կողմից «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցներից ու ձեռք բերել մանչեսթերյան ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսին: Արդեն առաջիկա օրերի ընթացքում իտալական ակումբը բանակցություններ կսկսի 22-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Գաբրիել Ժեզուսի հնարավոր տեղափոխությունը գնահատվում է շուրջ 70 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել է 30 միլիոն եվրոյով:

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։