Դել Պիերո. Հնարավոր է՝ Գվարդիոլայի ճակատագիրն է «Յուվենտուսը» գլխավորելը

22:44   17 փետրվարի, 2020

Իտալական ֆուտբոլի լեգենդ, «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ «Յուվենտուսը» գլխավորելու հնարավորության մասին:

«Իտալիայում արդեն շատ է խոսվում այն մասին, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչը կհեռանան թիմից: Նախորդ ամռանը բավականին իրատեսական էր թվում, որ Գվարդիոլան պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ, սակայն դա տեղի չունեցավ:

Յուրաքանչյուր ակումբ կցանկանար պայմանագիր կնքել Գվարդիոլայի մակարդակի մասնագետի հետ: Հնարավոր է՝ նրա ճակատագիրն է «Յուվենտուսը» գլխավորելը»,- Դել Պիերոյի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չնայած «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, Գվարդիոլան մտադիր չէ հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել է 30 միլիոն եվրոյով:

ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:

«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։