Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջերը եւ առաջարկել իրենց ծառայությունը (ֆոտո)

15:20   16 փետրվարի, 2020

Հաքերների OurMine խումբը կոտրել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտոնական թվիթերյան էջերը՝ իսպաներեն, կատալոներեն, արաբերեն, անգլերեն, նաեւ ֆուտբոլի, ֆուտզալի, բասկետբոլի, հանդբոլի եւ կանանց հոկեյի։

Շուտով այդ էջերում հայտնվել է հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն․

«Բարեւ ձեզ, մենք OurMine-ն ենք։ Ձեր անվտանգության մակարդակը լավն է, բայց լավագույնը չէ։ Անվտանգության բարձրացման համար դիմեք [email protected]ին, անվտանգության ծառայության համար՝ ourmine.org-ին»։

Այնուհետեւ հաքերները հայտնել են, որ կարդացել են «Բարսելոնայի» ղեկավարության նամակագրությունը եւ նշել առաջիկայում ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին։

Մի քանի ժամ անց «Բարսելոնան» կարողացել է վերականգնել վերահսկողությունը սեփական էջերի նկատմամբ։ Ակումբը պաշտոնական հայտարարությունով հաստատել է, որ «Թվեթերում ակումբի էջերը ենթարկվել են հարձակման եւ խոստացել ապագայում բացառել նման միջադեպերը»։

Հաքերների OurMine խումբը Թվիթերում փետրվարի 15-ին կոտրել է նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի Olympics եւ IOC Media էջերը, Օլիմպիական խաղերի էջը, ամերիկյան Ազգային ֆուտբոլային լիգայի 15 ակումբների էջերը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։