ԵԱ. Կարեն Ասլանյանը պարտվեց կիսաեզրափակիչում

20:16   11 փետրվարի, 2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը գերլարված պայքարում 3:4 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաեւին:

Առաջին մրցափուլում հայ ըմբիշը քթի վնասվածք ստացավ, արնահոսեց: Երկրորդ մրցափուլում Ասլանյանը փորձեց կանգնած դիրքից գցել ռուս ըմբիշին, բայց Նազիր Աբդուլաեւ պաշտպանվեց, ապա ինքը գցեց Ասլանյանին: Գորգի մրցավարը երկու միավոր տվեց Աբդուլաեւին: Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը բողոքարկեց: Մրցավարները բավարարեցին բողոքարկում եւ երկու միավոր ավելացրին հայ ըմբիշին օգտին: Մինչեւ գոտեմարտի ավարտը Աբդուլաեւը բռնում էր Ասլանյանի մատները՝ թույլ չտալով հարմար բռնվածք անել: Սամվել Գեւորգյանի նյարդերը տեղի տվեցին եւ մարզիչը բողոքարկման խորանարդը նետեց մրցագորգի կենտրոն: Գորգի մրցավարը նկատողություն տվեց Սամվել Գեւորգյանին եւ դեղին քարտ ցույց տվեց տեղից բղավելու համար:

Ասլանյանը փետրվարի 12-ին կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ասլանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Էրլանդսոնին, 1/8 եզրափակիչում 9:0 առավելության հասել վրացի Գեորգի Շոտաձեի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով հաղթել էր 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր սերբ Մատե Նեմեշին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։