23:54 6 փետրվարի, 2020Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 3:4 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան Մարտին Էդեգորը: 54-րդ րոպեին շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կրկնապատկեց «Ռեալ Սոսյեդադի» առավելությունը, իսկ 2 րոպե անց դուբլ ձևակերպեց: 59-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 69-րդ րոպեին հյուրերի իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն խփեց իր թիմի չորրորդ գոլը: 81-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հաշիվը դարձրեց 2:4: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Նաչոն նվազագույնի հասցրեց հաշվի տարբերությունը:
Ավելի վաղ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս էին մնացել գործող գավաթակիր «Վալենսիան» և Մադրիդի «Աթլետիկոն»: Մրցաշարի կիսաեզրափակիչ են դուրս եկել «Գրանադան» և Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Միրանդեսը»:
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կխաղարկեն «Բարսելոնան» ու «Աթլետիկ Բիլբաոն»:
Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3:4
Մարսելո, 59, Ռոդրիգո, 81, Նաչո, 90+3 - Մարտին Էդեգոր, 22, Ալեքսանդր Իսակ, 54, 56, Միկել Մերինո, 69
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.