«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի հարձակվողի հետ

18:08   6 փետրվարի, 2020

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի հարձակվող Դավիթ Գատիկոևի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը լավ տպավորություն է թողել մարզչական շտաբի վրա մարզումային պրոցեսում և ստուգողական հանդիպումներում, որոնցից երկրորդում գրավել է ռուսական «Արմավիրի» դարպասը:

2011-2017 թթ. Գատիկոևը հանդես է եկել ռուսական «Ալանիա», «ԲՄԱ-Խաբարովսկ» և «Զենիթ» (Պենզա) թիմերում, իսկ 2018-ին ներկայացրել է բելառուսական «Մինսկը»:

Բելառուսից հայկական թիմի նորեկը վերադարձել է Վլադիկավկազ` պաշտպանելով նախ «Ալանիայի», այնուհետև «Սպարտակի» գույները, որի ավագն էր հանդիսանում:

«Սպարտակի» կազմում ընթացիկ մրցաշրջանի 15 խաղերում Գատիկոևը 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:

«Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ: Սա ինձ համար նոր մարտահրավեր և քայլ առաջ է: Ամեն ինչ կանեմ` «Ալաշկերտի» հետ տիտղոսներ նվաճելու համար»,- նշել է Գատիկոևը պայմանագրի ստորագրումից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։