Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Ուրարտու»

18:04   5 փետրվարի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը մարզական կարիերան կշարունակի Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա դարպասապահը ռուսական «Կրասնոդարի» սան է։ 2012 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտը նշել է «Գանձասարում»։ Հանդես է եկել նաև «Շիրակ», «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ» ակումբներում։ Խաղացել է նաև լատվիական «Լիեպայում»։ Բեգլարյանի վերջին ակումբը եղել է Բելառուսի բարձրագույն խումբը ներկայացնող Մոգիլևի «Դնեպրը», որի կազմում 26-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում։

Բեգլարյանն առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 2013-ին, իսկ 2016-ին առաջին պաշտոնական հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի հետ խաղում և հետ մղել Քրիստիան Էրիկսենի իրացրած 11 մետրանոցը։

«Ամեն ինչ հրաշալի է, արդեն մի քանի մարզում անցկացրել եմ թիմի հետ։ Ճիշտ է, դեռ բոլորի հետ չեմ հասցրել ծանոթանալ, բայց կարծում եմ, որ կիպրոսյան հավաքի ընթացքում այդ բացը կլրացնեմ։ Առաջին օրը ծանոթացել եմ մարզչի հետ։ Ալեքսանդր Գրիգորյանը հայտնի մասնագետ է։ Նրա գլխավորած թիմերի մասնակցությամբ շատ խաղեր եմ նայել։ Ինձ խաղային այդ ոճը դուր է գալիս», - 26-ամյա դարպասապահի խոսքը փոխանցում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:

Արսեն Բեգլարյանն «Ուրարտուում» հանդես կգա 24 համարի համազգեստով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։