International Fajr Cup. Հակոբ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր

21:41   3 փետրվարի, 2020

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Այս մասին NEWS.am Sport-ին Իրանից հայտնեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

96 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնը պոկել է 155 կգ, բայց ձախողել է այս վարժության երկրորդ եւ երրորդ մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 160 կգ-ը: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 190 կգ, հաջորդ երկու մոտեցումները կրկին ձախողեց: Երկամարտի 345 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արժանացավ նաեւ պոկում եւ հրում վարժությունների փոքր բրոնզե մեդաներին:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը Քաթարի մրցաշարից է հանդես գալիս 96 կգ-ում: Մկրտչյանը աշխարհի եւ Եվրոպայի ոսկե մեդալները նվաճել է 89 կգ ոչ օլիմպիական քաշում:

Աշխարհի առաջնությունից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քաշային կարգը փոխելու է օլիմպիական վարկանիշների համար պայքարելու նպատակով: Առաջին մրցելույթը նոր քաշում եղել է Qatar International Cup-ը, որտեղ զբաղեցրել էր 7-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի կազմում փետրվարի 3-ին մրցահարթակ էր դուրս եկել նաեւ 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, որը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականի կազմում վարկանիշային մրցաշարում կմասնակցեն նաեւ աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ աշխարհի, Եվրոպայի բրոզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը: Փետրվարի 4-ին երկու ծանրորդներն էլ կպայքարեն գերծանր (+109) կգ քաշային կարգում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։