«Ուրարտուի» նախկին խաղացողը՝ Հայաստանի եւ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին (ֆոտո)

09:09   30 հունվարի, 2020

Երեւանի «Ուրարտուի» (նախկին «Բանանց») նախկին կիսապաշտպան Կվասի Սիբոն այժմ հանդես է գալիս «Իբիցայում» եւ Իսպանիայի գավաթի խաղարարկության 1/16 եզրափակիչում խաղացել էր «Բարսելոնայի» դեմ, որը հաղթանակ էր տարել 2։1 հաշվով։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Գանան ներկայացնող 21-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հիշել է կարիերայի հայկական փուլի մասին, նաեւ անդրադարձել է կատալոնական թիմի դեմ հանդիպմանը։

Ակումբային կարիերայի մասին

«Իմ առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Բանանցն» էր, որից հետո տեղի ունեցավ ինձ համար շոկային տեղափոխություն անգլիական «Ուոթֆորդ»։ Դրանից հետո մի քանի ամիս վարձակալությամբ անցկացրի ալբանական «Շկենդերբեուում» եւ վերջապես մեկ տարվա վարձակալության պայմանագիր կնքեցի «Իբիցայի» հետ, ինչը քայլ առաջ է։ Հիմա իմ ակումբային կարիերան ընթանում է ինձ համար նախընտրելի ուղղությամբ»։

Շատ էի հավանում կյանքը Հայաստանում

«Ջերմ հիշողություններ են մնացել Հայաստանից։ Շատ էի հավանում կյանքը ձեր երկրում, որտեղ երբեք չես լսի ռասիստական արտահայտություններ։ Ամեն ինչ շատ հարմարավետ էր։ «Բանանցն» ակումբ է, որը երբեք չեմ մոռանա, քանի որ ամեն ինչ սկսվեց այդ կետից։ Այդ ակումբն ինձ համար դարձավ հարազատ»։

Ի՞նչ կա։ Բան չկա

«Նախկին ակումբակիցներիցս կապ եմ պահում Ռումյան Հովսեփյանի հետ։ Հիշում ենք անցած օրերը (ծիծաղում է)։ Գիտեմ հայերեն մի քանի բառ․ «Ո՞նց ես։ Լավ եմ։ Ի՞նչ կա։ Բան չկա» (ժպտում է)։

Երազելը վնասակար չէ, չերազելն է վնասակար

«Խաղալ «Բարսելոնայի» դեմ՝ երազանքի իրականացում։ Ես մրցեցի Գրիզմանի, Վիդալի, Ալբայի, Սեմեդուի, Դե Յոնգի, Ռակիտիչի նման խաղացողների հետ։ Պարզապես անմոռանալի փորձ էր ինձ համար»։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.