Ռուստամ Ալավերդյան․ Տիգրան Չոբանյանը ֆեդերացիան ղեկավարել է կանոնադրության կոպիտ խախտումներով

17:01   26 հունվարի, 2020

Տիգրան Չոբանյանը ֆեդերացիան ղեկավարել է ներքին կանոնադրության կոպիտ խախտումներով: Արտահերթ ժողովի կազմակերպումն ուղղակի անհրաժեշտություն էր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Ռուստամ Ալավերդյանը, որը հունվարի 26-ին ֆեդերացիայի գործկոմի արտահերթ ընդհանուր ժողովում միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

Ֆեդերացիան 1992 թվականից գլխավորում էր Տիգրան Չոբանյանը, որը ներկայացավ ժողովին, բայց չմասնակցեց՝ համարելով այն ոչ օրինական:

Ռուստամ Ալավերդյանը ընտրվելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ցավում եմ Տիգրան Չոբանյանի նման արձագանքի համար, բայց սպասելի էր: Ֆեդերացիայում կայացավ մի բան, ինչ 26 տարի տեղի չէր ունեցել՝ լեգիտիմ ժողով եւ ընտրություններ: Հայաստանում կա ավանդական ուշուի 18 մարզադահլիճ, որից այս ժողովին բացակայեց 3-ը: Դա նշանակում է, որ մեր հրավիրած ժողովը օրինական էր: Երկար ուսումնասիրություններից հետո հասկացանք, որ Տիգրան Չոբանյանը ներքին կանոնադրության սարսափելի խախտումներով է ղեկավարում ֆեդերացիան: Շատ կուզեի, որ նա այստեղ լիներ. շատ հարցեր ունեի նրան:

Ֆեդերացիայի նախագահի ընտրություն նախորդ անգամ տեղի էր ունեցել 2014 թվականին: 2018 թվականին պետք է ավարտվեր Տիգրան Չոբանյանի լիազորությունները: Բայց մինչեւ այս Չոբանյանը նշում էր, որ իր լիազորություններն ավարտվում է 2020 թվականի ապրիլին: Մեզանից որեւէ մեկը չէր էլ հետաքրքրվել՝ ժամկետները ճիշտ են, թե ոչ, քանի որ բոլորս էլ վստահում էինք նրան: Նախորդ տարվա դեկտեմբերին մի շարք ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք Տիգրան Չոբանյանի բազմաթիվ խախտումերի մասին: Գործկոմի անդամների 1/3-րդի նախաձեռնությամբ շատ շտապ կազմակերպեց արտահերթ ժողով»,- ասաց Ռուստամ Ալավերդյանը:

NEWS.am Sport-ի հարցին, թե ինչու է որոշել հենց իր թեկնածությունը առաջադրել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, նորընտիր նախագահի խոսքով Տիգրան Չոբանյանի հետ ղեկավարման վերաբերյալ տարբեր կարծիքներ ունենալուց եւ ֆեդերացիայում առկա լարված մթնոլորտից ելնելով:

«Պարոն Չոբանյանի հանդեպ ունեցել եմ մեծ հարգանք. նա եղել է իմ դասախոսը, շատ բան եմ սովորել նրանից, բայց եկավ ժամանակ՝ հասկացա, որ մեր տեսակետները շատ տարբեր են: Այսպես ստացվեց, թերությունները քաջ գիտակցելով հասկացա՝ կարող եմ ինքս ղեկավարել ֆեդերացիան: Եղել է կոլեկտիվի խնդրանքով: Իմ տեղեկություններով Չոբանյանի գլխավորությամբ 2017 թվականին ազգային հավաքականը հավաք է ունեցել Ջերմուկում, իսկ Գյումրիում կազմակերպվել եւ անցկացվել է մանկապատանեկան մրցաշար: Ջերմուկի հավաքի համար 1 միլիոն 760 հազար դրամի, իսկ Գյումրիի համար 1 միլիոն 698 հազար դրամի հաշվետվություն է ներկայացվել: Այս ժողովին ներկա մարզիչները փաստեցին, որ Ջերմուկում երբեք հավաքի չեն մասնակցել, Գյումրիում՝ մրցաշար չի անցկացվել: Ես այսօր դեռեւս միայն հետաքրքրվեցի ներկաներից, բայց դեռ չարաշահումների մասին հայտարարություն չեմ անում, մինչեւ լիարժեք չուսումնասիրվեն դրանք: Դրանից հետո նոր ամեն ինչ կքննարկվի իրավական դաշտում:

Ֆեդերացիայի հարաբերությունները շատ վատ են Եվրոպական ֆեդերացիայի հետ: Պարոն Չոբանյանը մեզ համոզեց, որ այս Եվրոպական ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչված չէ, անհրաժեշտություն կա դուրս գալու Եվրոպականից: Պարզվեց՝ այդ ամենը սուտ է, Եվրոպական ֆեդերացիան հանդիսանում է միջազգայինի հիմնադիր անդամ, իսկ երկրի օրինական ֆեդերացիան պարտավոր է լինել Եվրոպականի անդամ: Տիգրան Չոբանյանը մեզ համոզում էր, որ ինքը հրաժարական կտա այս տարվա ապրիլին, բայց մենք այլեւս չէինք կարող սպասել, քանի որ ապրիլին Եվրոպայի առաջնությունն է ու մինչ այդ պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Եվրոպական ֆեդերացիայի հետ»,- մանրամասնեց Ռուստամ Ալավերդյանը:

NEWS.am Sport-ի դիտարկմանը, թե ինչու 2018-ին չեն պահանջել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ, եթե նախորդը 2014-ին է եղել եւ ինչու է հիմա նոր բարձրաձայնում ֆեդերացիայում առկա խնդիրների մասին, նորընտիր նախագահի խոսքով՝ 2018-ին չեն հիշել, որ նախագահի լիազորություններն ավարտվել են:

«Ես մասնակցել եմ 2014 թվականի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Ըստ կանոնադրության նախագահության ժամկետը լրանում էր 2018-ին: Ստացվում է, որ որեւէ մեկս չի հիշել, որ 2018-ին նախագահի լիազորություններն ավարտվել են եւ պետք է նորը անցկացնենք: Գիտեք, մարզիկները հիշողության հետ կապված խնդիր ունեն: Բայց լավ է ուշ, քան երբեք»,- ամփոփեց Ռուստամ Ալավերդյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.