ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

20:04   24 հունվարի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հունվարի 24-ին համագործակցության հուշագիր է ստորագրել Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հունվարի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանը ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ ավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը: Հյուրերի թվում էին Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի (ՌՊԼ) Գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը և ՌՊԼ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ելենա Կոբակը,  Ղազախստանի Պրեմիեր Լիգայի նախագահ Օլժաս Աբրաևը, Բելառուսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Ասոցիացիայի Մրցումների կազմակերպման բաժնի ղեկավար Իգոր Ցապլյուկը, Ղրղզստանի Ֆուտբոլային լիգայի նախագահ Նուրբեկ Ատականովը և Ղրղզստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դաստանբեկ Կոնոկբաևը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ֆուտբոլային տարբեր բնագավառներում (մարզչական կրթություն, մանկապատանեկան ֆուտբոլ, ֆուտզալ և կանանց ֆուտբոլ, երկրպագուների հետ տարվող աշխատանքներ և այլն) փոխհամագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Պրոֆեսիոնալ Լիգայի հետ կապված տարբեր մանրամասների քննարկմանը:

Այնուհետև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Ղազախստանի, Ղրզզստանի և Բելառուսի վերոնշյալ ներկայացուցիչների հետ: ՌՊԼ գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը հայտարարեց, որ իրենք ոչ մի առարկություն չունեն՝ կապված հուշագրի հետ, բայց ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը ցանկություն է հայտնել անձամբ ստորագրել այն, հավանաբար՝ կողմերի միջև հաջորդ հանդիպման ընթացքում:

Չեբանը նաև հաստատեց, որ, անկախ հուշագրի ստորագրումից, հաշվի առնելով ՌԴ Սպորտի նախարարի հրամանը, 2020 թ. հուլիսի 1-ից հայ ֆուտբոլիստները չեն համարվի «լեգեոներ» Ռուսաստանում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.