Էռնեստո Վալվերդեի հրաժեշտի նամակը՝ «Բարսելոնայի» երկրպագուներին

17:13   14 հունվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն առավոտյան «Բարսելոնայի» մարզաբազայում հրաժեշտ է տվել ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբի անդամներին և ղեկավարության ներկայացուցիչներին: Մարզաբազայից հեռանալուց հետո 55-ամյա մասնագետը հրաժեշտի նամակով դիմել է ակումբի երկրպագուներին:

«Իմ ժամանակը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում մոտեցավ ավարտին: 2.5 տարի լարված աշխատանքի ընթացքում ես վայելել եմ բազմաթիվ հրաշալի պահեր՝ տոնելով հաղթանակներ և նվաճելով գավաթներ: Ունեցել եմ նաև շատ դժվար ու ծանր պահեր: Այնուամենայնիվ, ինձ համար հաճելի էր աշխատանքն այս ակումբում և ես շնորհակալ եմ «Բարսելոնայի» երկրպագուներին այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու համար:

Շնորհակալ եմ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին և ակումբի տնօրենների խորհրդի անդամներին, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատել այս հրաշալի ակումբում: 

Շնորհակալ եմ նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, որոնց հետ միասին ամեն ինչ արեցինք հաղթանակներ տանելու և մեր երկրպագուներին ուրախացնելու համար:

Այս պահից սկսած լավագույնն եմ մաղթում «Բարսելոնային» և թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 61-ամյա իսպանացի Կիկե Սետիենին, որը փոխարինել է Էռնեստո Վալվերդեին։ Սետիենը կնքել է 2,5 տարվա պայմանագիր, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Սետիենը մարզչական կարիերան սկսել է 2001-ին Սանտանդերի «Ռասինգում»։ Նրա նախորդ ակումբը «Բետիսն» էր։ Սետիենը մարզչական կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել։



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։