09:15 3 հունվարի, 20202019-ին հայկական սպորտի համար իսկական բացահայտում եղավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում երկու մեդալակիրներից մեկն էր: 63 կգ քաշայինների պայքարում Սլավիկը նվաճեց բրոնզե մեդալ:
ԱԱ-ից հետո աշխարհի մեդալակիրը փոխեց քաշային կարգը՝ օլիմպիական եւ Հայաստանի առաջնությունում հանդես եկավ 67 կգ-ում՝ ձեռնոց նետելով այս քաշի առաջատար Կարեն Ասլանյանին եւ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին:
Հիշեցնենք, որ դեռ 2019-ի ամռանը Միհրան Հարությունյանը հայտարարել էր, որ վերադառնալու է մրցագորգ եւ 67 կգ քաշում պայքարելու է Տոկիո-2020 ուղեգրի համար: Սլավիկ Գալստյանը հաղթեց Հայաստանի առաջնությունում եւ այժմ էլ մեծ եռանդով պատրաստվում է օլիմպիական ուղեգրի համար պայքարին:
NEWS.am Sport-ի համար Սլավիկ Գալստյանն ամփոփել է տարին, խոսել ծրագրերի, քաշային կարգը փոխելու, Կարեն Ասլանյանի ու Միհրան Հարությունյանի հետ մրցակցելու եւ Օլիմպիական խաղերի մասնակցելու նպատակների մասին:
Սլավիկ, ինչպիսի՞ն էր 2019 թվականը քեզ համար:
Տարին հաջողված էր ինձ համար այն առումով, որ կարողացա մեծահասակների մեջ մեդալ նվաճել: Ընդհանուր՝ գոհ եմ իմ արդյունքներից: Կփորձեմ 2020-ում ավելացնել եւ ավելի բարձր արդյունքների հասնել: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում անհաջող մասնակցություն ունեցա, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեցի: Աշխարհի առաջնությում ամեն ինչ ավելի լավ ստացվեց՝ բրոնզե մեդալը նվաճեցի:
Եվրոպայի առաջնությունում հոգեբանորեն շատ լարված էի ու երեւի լավ պատրաստված չէի: Աշխարհի առաջնությում ամեն ինչ այլ էր: Թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես ամեն գոտեմարտիս պատրաստված էի դուրս գալիս մրցագորգ: Աշխարհի առաջնությում ավելի շատ էի հավատում, որ հնարավոր է բոլորին էլ հաղթել, մեդալ նվաճել:
Ինչի՞ համար ես ափսոսում:
Ոչնչի համար չեմ ափսոսում: Շատ էի ուզում աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալ: Թերեւս, միայն դրա համար եմ ափսոսում, որ կարող էի դառնալ, հնարավոր էր, բայց չստացվեց ինչ-ինչ պատճառներով:
Քաշային կարգդ փոխեցիր եւ Հայաստանի առաջնությունում հաղթեցիր 67 կգ-ում: Ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցիր փոխել:
Իմ քաշում արդեն մեդալ էի նվաճել, ինչը մեծ վստահություն տվեց ինձ: Որոշեցի տեղափոխվել օլիմպիական քաշ եւ ավելի բարձր նվաճումների ձգտել: Նպատակս օլիմպիական ուղեգրի համար պայքարն էր: Հայաստանի առաջնությում չէի եկել ուղղակի մասնակցելու եւ նոր քաշում ինձ փորձելու: Եկել էի հաղթելու եւ լրջորեն պատրաստվել էի: Պատահական ոչինչ չի լինում:
Եզրափակիչում Կարեն Ասլանյանի հետ էիր, ով Ռիո-2016-ից հետո առաջին համարն էր այս քաշում:
Բոլորն էլ գիտեն, որ Կարենը շատ լավ մարզիկ է: Գորգի վրա մրցակիցներ ենք, բայց գորգից դուրս իմ մոտ ընկերն է: Չէի ուզի, որ ինքը լիներ իմ մրցակիցը այս քաշում, բայց սա սպորտ է եւ հաղթում է նա, ով ուժեղ է: Այժմ երկուսս էլ պայքարելու ենք օլիմպիական ուղեգրի համար: Որ մեկս ուժեղ է, թող նա էլ գնա այդ ուղեգիրը ձեռք բերի:
Ինձ համար կարեւորն այն է, որ 67 կգ քաշային կարգում այդ ուղեգիրը ձեռք բերենք, այլ ոչ թե՝ անպայման ես գնամ բերեմ, կամ ավելի վատ՝ մեր մեջ կոնֆլիկտ լինի: Վստահ եմ, որ նման բան չի լինի. դա մեզ համար չէ:
Սլավիկ, խոսում ես միայն Կարեն Ասլանյանի մասին, բայց չմոռանանք, որ այս քաշում ունենք նաեւ Միհրան Հարությունյան, որը բազմիցս հայտարարել է ըմբշամարտ վերադառնալու ցանկության եւ Ռիոյում «թողած» ոսկե մեդալը Տոկիոյում վերադարձնելու մասին:
Միհրան Հարությունյանը օլիմպիական փոխչեմպիոն է, բայց նա 2016 թվականի փոխչեմպիոնն է: Դրանից անցել է 4 տարի: Եթե ինչ-որ մեկն ուզում է գալ եւ պայքարի մեջ մտնել, պետք է Հայաստանի առաջնությանը գար: Այդպես, որ լիներ, կարող էր, օրինակ, Կարենը չմասնակցեր Հայաստանին, ասեր, որ ինքն այս քաշում ուժեղն է:
Միհրան Հարությունյանին շատ եմ սիրում եւ հարգում որպես մարզիկ, նա շատ լավ ըմբիշ է: Բոլորս էլ գիտենք, որ նա շատ ուժեղ է, բայց ուժեղ է նա, ով գալիս է, պայքարում եւ հաղթում:
Այսինքն՝ հայտարարում ես, որ դու լիարժեք պատրաստ ես օլիմպիական ուղեգրի համար պայքարին:
Այո, հենց այնպես չեմ ասում, ուղղակի ասելու համար: Տեսնում եմ ինձ այդ պայքարում եւ լիարժեք պատրաստ եմ:
Ո՞րն է լինելու քո առաջնային նպատակը 2020-ում:
Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց առաջնային նպատակս օլիմպիական ուղեգիրն է: Այս պահին ամենակարեւոր քայլս դա է լինելու:
Երբ դու հասկացար, որ պատրաստ ես Տոկիո-2020-ի համար մտնել պայքարի մեջ:
Վերջերս եմ հասկացել: Երկար ժամանակ չեմ պատկերացրել, որ կկողմնորոշվեմ քաշային կարգումս, արդյունք կունենամ մեծահասակներում: Կենտրոնացել էի 63 կգ քաշային կարգի վրա: Նույնիսկ չեմ մտածել քաշային կարգս փոխելու մասին, քանի որ կարծում էի՝ չի կարող ըմբիշը երկու քաշում լինել: Պետք էր մեկի վրա կենտրոնանալ: Կանգնեցի 63-ի վրա եւ այս քաշն ինձ հաջողություն բերեց: Աշխարհի առաջնությունից հետո հավատը սեփական ուժերիս կրկնապատկվեց, որովհետեւ այնտեղ էլ ես հավատում էի, որ կարող եմ նույնիսկ աշխարհի չեմպիոն դառնալ: Միայն աշխարհի առաջնությունից հետո հասկացա, որ հնարավոր է հաղթել նաեւ 67-ում:
Ի՞նչ փոխվեց քո կյանքում 2019-ին, հատկապես աշխարհի բրոնզե մեդալակիր դառնալուց հետո:
Մեծ փոփոխություններ չեղան իմ կյանքում: Ինձ համար կարեւորն այն է, որ ինքս բավարարված զգամ իմ արդյունքներից: Զգացի, որ իմ կողքի մարդիկ, իմ հարազատները նույնպես ուրախացան իմ արդյունքով: Փոխվեց այն, որ ներքուստ ավելի մեծ վստահություն ձեռք բերեցի ինքս իմ ուժերի նկատմամբ:
Սիրո՞ւմ ես Ամանորը: Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին:
Իմ ամենասիրած տոներից մեկն է Ամանորը, Սուրբ Զատիկից հետո: Սիրում եմ նշել ընտանիքիս հետ՝ տոնածառ, տոնական սեղան: Ամանորի հրաշքին հավատում եմ: Երազանքներս նպատակներ են եւ գիշերը 12-ին զանգերը հնչելուց մտքումս պահում եմ իմ երազանքը, որովհետեւ հենց այդ վայրկյաններին ավելի ոգեշնչող է ամեն ինչ:
Իմ բոլոր ընկերներին մեծ սպորտային հաջողություն եմ մաղթում 2020 թվականին։ Ցանկանում եմ, որ բոլոր քաշային կարգերում էլ ուղեգիր ունենանք, եւ մեր թիմը մեծ կազմով մասնակցի Օլիմպիական խաղերին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.