Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյան․ Մարտական եւ վճռական տրամադրվածությամբ եմ մտնում 2020 թվական

12:25   1 հունվարի, 2020

Մրցաշրջան-2019-ում հայկական սպորտում իսկական «ֆուրոր» արեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը՝ փայլելով աշխարհի ու Եվրոպայի մրցահարթակներում: Նախորդ մրցաշրջանում չնվաճած հաղթանակներն ու թույլ տված սխալները Հակոբը լրացրեց 2019-ի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ոսկե մեդալներով:

Ծանրորդն իր երկու մեծ հաղթանակները տարավ ոչ օլիմպիական քաշային կարգում՝ 89 կգ-ում: Դեկտեմբերի Քաթարում տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հակոբը հանդես եկավ նոր՝ 96 կգ քաշային կարգում: Սա առաջին փորձն էր չեմպիոնի համար: Չնայած Հայաստանի հավաքականը դեռ երկու օլիմպիական ուղեգիր ունի, բայց սա չի խանգարում Հակոբին պայքարել օլիմպիական ուղեգրի համար. Հավատում է, որ Հայաստանը եւս մի քանի ուղեգրի հնարավորություն կունենա, եւ իր մեծ երազանքը կիրականանա՝ Տոկիո-2020-ում կպայքարի օլիմպիական մեդալի համար:

Ի դեպ, 2020-ի հունվարին ծնվելու է Հակոբ Մկրտչյանի առաջնեկը:

NEWS.am Sport-ի հետ զրույցում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն ամփոփել է իր «ոսկե» տարին ու պատմել սպորտում նպատակների մասին:

Հակոբ, 2019 թվականը «ոսկե» ստացվեց քեզ համար: Ինչպե՞ս ես դու գնահատում այն:

Շատ լավ տարի էր: Շատ շնորհակալ եմ 2019-ին, որ հաջող դասավորվեց ինձ համար: Այն արդյունքները, որ գրանցեցի այս տարի, իմ գլխավոր նպատակներն էին ու ցանկությունը: Հուսամ՝ 2020-ն էլ նույնքան հաջող կընթանա ինձ համար եւ կկարողանամ անել այն, ինչ արեցի 2019-ին:

Ի՞նչ բացթողում ունեցար:

Ըստ իմ ծրագրածի ամեն ինչ ստացվեց: Բացթողում չունեցա: Այն, ինչ նախատեսել էի՝ ստացվեց ու շատ լավ ստացվեց: Ամեն ինչ իմ ուզածով եղավ:

Նվաճեցիր Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Ամենաբարդը ո՞րը տրվեց այս երկուսից:

Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակս բարդ տրվեց ինձ: Ճիշտ է՝ երկուսն էլ դժվար էր, միշտ էլ բարդ է հաղթելը, բայց աշխարհի առաջնությունն, իրականում, ավելի բարդ էր: Մրցակությունը շատ մեծ էր, մասնակիցներն աշխարհի ուժեղագույններն էին: Կիլոգրամներն ավելի բարձր էին եւ պայքարն իսկապես լարված էր:

Հոգեբանորեն դժվար չէր, հատկապես, Եվրոպայի առաջնությում հաղթելուց հետո: Մրցակիցներիս գիտեի: Անհրաժեշտ էր միայն ավելի լավ հավաքվել եւ մրցակիցներին ոչ մի գրամ չզիջել: Պատասխանատվությունն էր մեծ, որ Եվրոպայի առաջնությունից հետո պետք էր հաղթել նաեւ աշխարհի առաջնությունում:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ, որ աշխարհի առաջնությունում չկարողացա մեծահասակների ռեկորդ անել: Ուրիշ ոչնչի համար չեմ ափսոսում: Լավ ու դրական մտքերով եմ ճանապարհում տարին:

Կարո՞ղ ենք համարել, որ մրցաշրջան-2019-ը քո մարզական կարիերայի գագաթնակետն էր:

Այո, հաղթանակների առումով գագաթնակետն էր ու սկիզբը:

Հակոբ, Եվրոպայի ու աշխարհի մրցահարթակներում բոլոր մոտեցումներիդ ծանրաձողին մոտենում էիր շատ ինքնավստահ: Այդ ինքնավստահությո՞ւնն էր օգնում հաղթել:

Եվ ինքնավստահությունը, եւ մարզավիճակը, պատրաստվածության մակարդակը: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է՝ ինքնավստահ ես, երբ գիտես, որ շատ լավ ես պատրաստվել մրցմանը, գերազանց մարզավիճակում ես:

Մոտենում է քառամյակի ամենակարեւոր իրադարձությունը: Ի՞նչ նպատակով եւ երազանքով ես մտնում օլիմպիական տարի:

Մարտական եւ վճռական տրամադրվածությամբ եմ մտնում 2020 թվական: Օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզիկի գերնպատակն է, իմը՝ եւս: Նախ ուզում եմ, որ մեր հավաքականը շատ մասնակիցներով ներկայանալու հնարավորություն ունենա Տոկիոյում: Այս պահին դեռեւս երկու ուղեգրի հնարավորություն ունենք: Շատ կուզեի, որ մեր թիմը շատ ուղեգրերի հնարավորություն ունենար եւ բոլորս կարողանայինք ընդգրկվել օլիմպիական կազմ:

2020 թվականի հետ կապված դեռեւս մեկ մեծ երազանք ունեմ՝ մասնակցել Օլիմպիական խաղերին: Մասնակցելու իրավունք ձեռք բերելուց հետո արդեն նպատակս ու առաջնային խնդիրս կլինի մեդալ նվաճելը, հաղթելը:

Նախորդ տարի երազում էի՝ հանկարծ նույն արդյունքը ցույց չտամ, չձախողեմ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները, այլ հաղթանակով ավարտեմ տարին: Այդպես էլ եղավ: Նախորդ տարի Ամանորի գիշերը հենց այս հաղթանակների մասին էի երազել:

Ի՞նչ կմաղթես քո մարզական կարիերային հետեւողներին:

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել իմ հաղթանակներով ուրախանալու եւ իմ մրցելույթներին հետեւելու, ինձ աջակցելու համար: Թող 2020-ը հաջող տարի լինի, հաղթանակներով լի:

Իսկ ինքդ քեզ ի՞նչ կմաղթես:

Մի փոքր հաջողություն եւ ամեն ինչ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։