13:18 31 դեկտեմբերի, 2019Մրցաշրջան-2019-ին հայկական սպորտում ուշադրության կենտրոնում էր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանին մշտապես հաղթող եւ հիմնական մրցակից Կարապետ Չալյանը:
Գյումրեցի ըմբիշի հետ կապվեց օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ավագ Ջուլֆալակյանի մեղադրանքների մեծ բաժինը հասավ հենց Չալյանին: Հայկական մարզաշխարհը ցնցած հրաժարականից հետո Կարապետ Չալյանը Նուրսուլթանում մասնակցեց աշխարհի առաջնությանը, նվաճեց օլիմպիական ուղեգիր, բայց մեդալի համար պայքարում ցավալի պարտություններ կրեց:
Այս ընթացքում Չալյանը հասցրեց երկրպագուների մեծ բանակ հավաքել։ Նրա հաղթանակներին սպասում են շատերը: Ինքն էլ փաստում է, որ դեռ շատ անելիք ունի մեծ սպորտում, մեծ հաղթանակներ կերտելու երազանք ու ցանկություն կա, բայց մինչ այդ Տոկիո-2020-ին մասնակցելու համար պայքար: Դեռ հայտնի չէ, թե ով է մեկնելու Տոկիո եւ ինչ կարգով է ընտրություն կատարվելու Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ:
NEWS.am Sport-ի ընթերցողների համար Չալյանն ամփոփել է 2019 թվականը, խոսել հաղթանակների, լարված տարվա, մեկնաբանել ԱԱ-ում մեդալ չնվաճելու պատճառներն ու ներկայացրել ամենամեծ երազանքը:
Կարապետ, 2019-ը քեզ համար բավական լարված ստացվեց, բայց այդքանով հանդերձ տարար հաղթանակներ՝ օլիմպիական ուղեգրի տեսքով եւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնությամբ: Գո՞հ ես քո արդյունքներից:
Գոհ եմ: Եվրոպական խաղերում լավ մասնակցեցի, գրավեցի երկրորդ տեղը: Դժգոհ եմ աշխարհի առաջնությունից: Գրավեցի 5-րդ տեղը, բայց կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ: Կարող էի դուրս գալ եզրափակիչ, բայց վատ անցկացրի կիսաեզրափակիչի եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտերս:
Ամեն դեպքում, աշխարհի առաջնությունում նվաճեցիր Օլիմպիական ուղեգիր: Դա՞ չէր քո գերխնդիրը:
Ամենաշատն ինձ հենց դա է ուրախացնում անցնող տարում: Ինձ համար շատ կարեւոր էր ուղեգիր նվաճելը աշխարհի առաջնությունում: Ուրախ եմ, որ ստացվեց:
Տարին լարված ստացվեց քեզ համար, մի փոքր խնդիրներով...
Ինձ համար լարված ստացվեց աշխարհի առաջնությունը: Ես ուզում էի անպայման օլիմպիական ուղեգիր նվաճել: Բացի այդ, երկրորդ գերնպատակս Նուրսուլթանում մեդալ նվաճելն էր, որը չստացվեց: Իսկ մեդալ չնվաճեցի, կարծում եմ, շատ ուզելուս պատճառով: Ճիշտ է՝ առողջական խնդիրներ էլ ունեի, բայց ինձ խանգարեց նաեւ այդ միտքը, որ ես ուղղակի շատ եմ ուզում մեդալով վերադառնալ Հայաստան:
Կիսաեզրափակիչում եւ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվելուց հետո շատ էիր տխրել. Հաղթահարե՞լ ես այդ պարտություններդ:
Եթե անկեղծ, ոչ: Ես կարող էի դառնալ աշխարհի չեմպիոն, կար այդ հնարավորությունը, մոտ էի: Ուղղակի պետք է չլարվեի ու հանգիստ մոտենայի գոտեմարտերին: Շտապողականությունն ու այդ մեծ ցանկությունը խանգարեցին ինձ: Երբ մտածում եմ այս ամենի մասին, նորից վերհիշում եմ, ու այն միտքը, որ կարող էի դառնալ աշխարհի չեմպիոն ու բաց թողեցի, շատ ծանր եմ տանում: Ամեն ինչ նորից վերապրում եմ:
Առջեւում կարեոր օլիմպիական տարին է: Ի՞նչ նպատակներով եւ երազանքներով ես մտնում 2020 թվական:
2020 թվական մտնում եմ միայն հաղթանակներ կերտելու, նախորդ տարվա սխալներս շտկելու եւ երազանքս իրականացնելու նպատակով: Չգիտեմ, որքանով կհաջողվի ինձ: Ես ուզում էի 2019-ում մեդալներ, բարձր նվաճումներ գրանցել, բայց ինչ-որ բան ինձ չհերիքեց: Հուսամ 2020-ում ամեն ինչ կստացվի:
Սիրո՞ւմ ես Ամանորը: Ինչպե՞ս ես անցկացնում տոները:
Իմ ամենասիրած տոներից մեկն է: Նշում եմ մշտապես ընտանիքիս անդամների հետ: Փորձում եմ ուրախ դիմավորել Նոր Տարին, երբեմն դա պայմանավորված է լինում իմ տրամադրությամբ: Եթե հաղթանակներ ունենում եմ տարվա ընթացքում, այս տոն օրերին տրամարդությունս բարձր է լինում: Օրինակ՝ այս տարի լավ տրամադրություն ունեմ, որովհետեւ հաջողություններ եմ ունեցել:
Երազանքներին հավատո՞ւմ ես: Ամանորի գիշերը երազանք պահո՞ւմ ես:
Այո, անպայման: Հավատում եմ: Ամեն տարի էլ մտքումս պահում եմ երազանք: Դրանք հիմնականում կապված են միայն սպորտի հետ: Այս տարի երազանքներս կապված են Օլիմպիական խաղերի հետ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ էլ այս տարի երազանք է պահում Տոկիոյի վերաբերյալ: Իմ երազանքը՝ Օլիմպիական խաղերին մասնակցելն է եւ հաղթող դառնալը:
Շնորհավորում եմ բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ: Թող առողջ լինեն, 2020-ում բոլորի երազանքներն իրականա ու, ամենակարեւորը, սահմանին ծառայող զինվորներին մաղթում եմ խաղաղ երկինք:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.