NEWS.am Sport. Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները (ֆոտոշարք)

12:50   31 դեկտեմբերի, 2019

Ավարտին է մոտենում 2019 թվականը, որը ֆուտբոլային առումով իրադարձություններով լի էր ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական ֆուտբոլում: ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից մինչև ՀՖՖ նախագահի ընտրություններ, «Լիվերպուլի» հաղթարշավից մինչև Լիոնել Մեսիի 6-րդ «Ոսկե գնդակ»:

NEWS.am Sport-ն առանձնացրել է տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունները:

Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ֆուտբոլային տարվա առաջին գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ փետրվարի 7-ին՝ Հռոմում: ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ 51-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: Նա ՈւԵՖԱ-ն կղեկավարի մինչեւ 2023 թվականը: Ալեքսանդր Չեֆերինը 2016-ի սեպտեմբերին էր զբաղեցրել այդ պաշտոնը՝ դառնալով ՈւԵՖԱ-ի 7-րդ նախագահը:

Image result for Alexander Ceferin

Զինեդին Զիդանը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

Մարտի 11-ին «Ռեալը» հայտարարեց Զինեդին Զիդանի հետ եռամյա պայմանագիր կնքելու մասին: Ֆրանսիացի մասնագետը «Ռեալում» փոխարինելու եկավ Սանտյագո Սոլարիին: 46-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել էր նաև 2016-2018 թվականերին՝ երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը, երկուական անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Image result for Zinedine Zidane

«Բարսելոնայի» պատմության լավագույն գոլը

Մարտին «Բարսելոնան» հրապարակեց ակումբի պատմության լավագույն գոլը: Կատալոնական թիմի երկրպագուների վարկածով ակումբի պատմության լավագույն գոլ ճանաչվեց 2006-2007 թվականների մրցաշրջանում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ դաշտի կենտրոնից կատարած անցումից հետո «Խետաֆեին» խփած գոլը:

Առաջին անգամ Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների բոլոր չեմպիոնները պաշտպանեցին տիտղոսը

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի հինգ առաջատար առաջնությունների բոլոր չեմպիոնները նույն մրցաշրջանում պաշտպանեցին չեմպիոնական տիտղոսները։

Մյունխենի «Բավարիան» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն, Իսպանիայում դարձյալ չեմպիոնի կոչումը նվաճեց «Բարսելոնան», Իտալիայում՝ «Յուվենտուսը», Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ն, Անգլիայում՝ «Մանչեսթեր Սիթին»։

Լեգենդար Չավին անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, լեգենդար Չավին անցկացրեց վերջին հանդիպումը կարիերայում։ Քաթարի «Ալ Սադի» կազմում 39-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց իրանական «Պերսեպոլիսի» դեմ ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղին: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Չավին ստանձնեց «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Image

Դե Ռոսին հրաժեշտ տվեց «Ռոմային»

Իտալական «Ռոմայում» ավելի քան 18 տարի անցկացնելուց հետո իտալացի լեգենդար կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին մայիսի 26-ին վերջին հանդիպումն անցկացրեց մայրաքաղաքային ակումբի կազմում:

«Ռոմայի» կազմում 2 անգամ Իտալիայի Սուպերգավաթակիր և 1 անգամ՝ Իտալիայի գավաթակիր դառնալուց հետո դե Ռոսին պայմանագիր կնքեց արգենտինական «Բոխա Խունիորսի» հետ:

Image result for De Rossi goodbye to Roma

Անգլիական թիմերի գերիշխանությունը՝ եվրոպական ֆուտբոլում

2019 թվականը կարելի է հաջողված համարել հատկապես անգլիական Պրեմյեր լիգան ներկայացնող թիմերի համար: Եվրոպայի երկու խոշորագույն ակումբային մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում, անգլիական թիմերը պայքարից դուրս թողեցին եվրոպական մյուս երկրների առաջնությունները ներկայացնող թիմերին:

Չեմպիոնների լիգայում հաղթող ճանաչվեց «Լիվերպուլը», որը պայքարից դուրս թողեց «Բավարիային», «Պորտուին», իսկ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնային» 0:3 հաշվով պարտվելուց հետո երկրորդ խաղում 4:0 հաշվով հաղթանակ տարավ կատալոնական թիմի նկատմամբ: Եզրափակիչում «Լիվերպուլը» մրցեց «Տոտենհեմի» հետ, որը պայքարից դուրս էր թողել Դորտմունդի «Բորուսիային», «Մանչեսթեր Սիթիին» և «Այաքսին»:

Բաքվում անցկացված Եվրոպայի լիգայի եզրափակիչում տեղի ունեցավ լոնդոնյան դերբի. «Չելսին» մրցեց «Արսենալի» հետ և հաղթանակ տարավ 4:1 հաշվով:

Եվրոպայի Սուպերգավաթը նվաճեց «Լիվերպուլը», որը «Չելսիի» նկատմամբ առավելության հասավ միայն 11 մետրանոց հարվածաշարում:

Տարեվերջին «Լիվերպուլը» չեմպիոն հռչակվեց նաև աշխարհի ակումբային առաջնությունում:

Ինֆանտինոն վերընտրվեց ՖԻՖԱ նախագահի պաշտոնում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն Փարիզում տեղի ունեցած կազմակերպության 69-րդ կոնգրեսում վերընտրվեց պաշտոնում մինչեւ 2023 թվականը։ Ինֆանտինոն միակ թեկնածուն էր։  Շվեյցարիայի եւ Իտալիայի քաղաքացիություն ունեցող 49-ամյա պաշտոնյան ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016թ․ փետրվարից, երբ կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական ներկայացրեց շվեյցարացի Զեպ Բլատերը։

Image result for FIFA President

Հաջող տարի՝ հայկական ակումբների համար

2019 թվականը հաջողված տարի էր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և փոխչեմպիոն «Փյունիկի» համար:

«Արարատ-Արմենիան» հայկական ֆուտբոլի պատմության մեջ դարձավ առաջին թիմը, որը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնի» և Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» նկատմամբ: Փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիային» բաժին հասավ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը», որի հետ առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթանակ տարավ 2:1 հաշվով, սակայն պատասխան խաղում 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Դյուդելանժի» ֆուտբոլիստները:

Եվրոպայի լիգայում «Փյունիկը» երկրորդ տարին անընդմեջ կարողացավ հասնել որակավորման երրորդ փուլ, որտեղ մրցեց Անգլիայի Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը զբաղեցնող «Վուլվերհեմփթոնի» հետ: Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ «Փյունիկը» երկու խաղերում էլ խոշոր՝ 0:4 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:

2 թոփ տրանսֆեր՝ եվրոպական ֆուտբոլում 

2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեկական խոշոր ձեռքբերում ունեցան իսպանական ֆուտբոլի առաջատարները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»: Արքայական ակումբը 112 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերեց Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, իսկ «Բարսելոնան» 135 միլիոն եվրոյի դիմաց պայմանագիր կնքեց Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ:

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմ», Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա»

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր թիմեր ունեցան նաև հայկական ֆուտբոլի 2 առաջատար հարձակվողները՝ Սարգիս Ադամյանն ու Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգի» կազմում Սարգիս Ադամյանի հաջող մրցելույթները ստիպեցին «Հոֆենհայմին» երեք տարվա պայմանագիր կնքել հայ հարձակվողի հետ: Արդեն 2019 թվականի ավարտին կարող ենք փաստել, որ Ադամյանի ձեռքբերումն արդարացված էր «Հոֆենհայմի» համար: Գերմանական թիմի կազմում Ադամյանը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 26-ամյա Ադամյանի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» հաղթանակ է տարել չեմպիոն «Բավարիայի» նկատմամբ, իսկ ավելի ուշ Ադամյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ են պարգևել «Հոֆենհայմին» նաև «Բորուսիայի» դեմ խաղում:

«Արսենալի» կազմում մեկուկես մրցաշրջան անցկացնելուց հետո Հենրիխ Մխիթարյանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, վարձակալությամբ տեղափոխվեց իտալական «Ռոմա», որի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ձախողումը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում. Գյուլբուդաղյանցի հրաժարականն ու Խաշմանյանի նշանակումը

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ տարավ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում, սակայն հոկտեմբերին անակնկալ ոչ ոքի խաղաց Լիխտեյնշտեյնի հետ, այնուհետև՝ 0:3 հաշվով պարտվեց Ֆինլանդիային՝ զրկվելով Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Ֆինլանդիայից կրած պարտությանը հաջորդեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը:

Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց «Ալաշկերտից» հեռացած Աբրահամ Խաշմանյանը, որի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին 2 տուրերում Հայաստանը 0:1 հաշվով պարտվեց Հունաստանին, այնուհետև՝ 1:9 հաշվով պարտություն կրեց Իտալիայից:

ՀՖՖ նախագահի նոր ընտրություններ

Իտալիայի դեմ խաղում հայկական ֆուտբոլի պատմության ամենախոշոր՝ 1:9 հաշվով պարտությունից հետո հրաժարական ներկայացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեի անդամները:

Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Փակ գաղտնի քվեարկությունում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը, ստացավ 7 ձայն։ Ընտրվեց նաև գործադիր կոմիտեի նոր կազմ:

Եվրո-2020․ Եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցան ֆուտբոլի Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը։ 24 թիմեր բաժանվել են 6 խմբերի։ 4 ուղեգրերի հասցեատերերը հայտնի կդառնան 2020թ․ գարնանը տեղի ունենալիք ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի արդյունքում։

Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 12-ը Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Ամստերդանում, Լոնդոնում, Գլազգոյում, Բաքվում, Բուդապեշտում, Մյունխենում, Կոպենհագենում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուխարեստում։

Լիոնել Մեսին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և բացառիկ նվաճման հեղինակ. Յուրգեն Կլոպը՝ լավագույն մարզիչ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին սեպտեմբերին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով The Best մրցանակը:

Դեկտեմբերին տեղի ունեցած Ballon d'Or մրցանակաբաշխության ընթացքում 32-ամյա Մեսին լավագույնը ճանաչվեց նաև France Football-ի վարկածով և դարձավ ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստը, որին հաջողվել է 6 «Ոսկե գնդակ» նվաճել:

Աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Image result for Jurgen Klopp the best

Պաշտոնանկություններ՝ եվրոպական ֆուտբոլում

2019 թվականի վերջնամասում պաշտոնանկ արվեցին եվրոպական մի քանի առաջատար ակումբների գլխավոր մարզիչներ: Նիկո Կովաչը հեռացվեց «Բավարիայի», Մաուրիսիո Պոչետինոն՝ «Տոտենհեմի», Ունաի Էմերին՝ «Արսենալի», Կառլո Անչելոտին՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Բավարիան» մինչև մրցաշրջանի ավարտ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց Նիկո Կովաչի օգնական Հանս-Դիտեր Ֆլիկին:

«Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց ակումբի նախկին ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթիում» Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան:

«Նապոլիում» Կառլո Անչելոտիին փոխարինեց «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, իսկ 60-ամյա Անչելոտին գլխավորեց անգլիական «Էվերտոնը»:

«Յուրահատուկի» վերադարձը

Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» հետ երկարատև բանակցություններից հետո 2018 թվականի դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն նոյեմբերի 20-ին պայմանագիր կնքեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ՝ փոխարինելով պաշտոնանկ արված արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին:

Մոուրինյոյի գլխավորությամբ «Տոտենհեմն» անցկացրել է 10 հանդիպում, հաղթել՝ 6-ում, պարտվել՝ 2-ում: 2 խաղում գրանցել է ոչ ոքի:

Image result for Jose Mourinho Tottenham

Իբրահիմովիչի վերադարձը՝ եվրոպական ֆուտբոլ

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիում» 2 տարի անցկացնելուց հետո լեգենդար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կրկին վերադարձավ Եվրոպա: 38-ամյա Իբրահիմովիչը դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել իր նախկին ակումբի՝ «Միլանի» հետ, որտեղ հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ եւ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր:

Զլատան Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում մասնակցել է 56 հանդիպման՝ դառնալով 52 գոլի հեղինակ:

Էրլինգ Հոլանդը տեղափոխվեց «Բորուսիա Դորտմունդ»

Համաշխարհային ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը՝ ավստրիական «Զալցբուրգի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որի ծառայություններով հետաքրքրված էին կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Թուրինի «Յուվենտուսը», դեկտեմբերի 30-ին պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տրանսֆերի համար գերմանական ակումբը վճարել է 45 միլիոն եվրո, որից 20 միլիոնը ստացել է ավստրիական ակումբը, 15 միլիոնը՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, 10 միլիոն եվրո՝ Հոլանդի հայրը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։