Փաշիկ Ալավերդյան․ Անդրանիկ Կարապետյանի պայքարն ավարտվեց, այլեւս մրցաշարի չի մասնակցի

15:15   24 դեկտեմբերի, 2019

Անդրանիկ Կարապետյանի պայքարն ավարտվեց. նա այլեւս մրցաշարի չի մասնակցի, պայքարի չի գնա, վերջ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դոհայից ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որի գլխավորությամբ այս օրերին հավաքականի 6 անդամ մասնակցում էր Քաթարի գավաթի միջազգային խաղարկությանը։

Մրցաշարը վարկանիշային էր Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար: Qatar International Cup-ում ոսկե մեդալներ նվաճեցին Գոռ Մինասյանը (+109 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը(87 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) դարձավ արծաթե մեդալակիր: Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը նոր՝ օլիմպիական քաշային կարգում պայքարն ավարտեց 7-րդ տեղով, իսկ Իզաբելա Յայլյանը 5-րդն էր 59 կգ քաշայինների պայքարում:

Անդրանիկ Կարապետյանը զրո է ստացել: Սա Եվրոպայի 2016 թ. չեմպիոնի երրորդ ձախողումն էր այս տարի:

«Քաթարի մրցաշարում թիմը վարկանիշային միավորներ վաստակեց: Այստեղ մեզ համար մեդալներն այդքան էլ կարեւոր չէին: Սա շատ ներկայանալի մրցաշար էր. 150 ծանրորդ էր պայքարում 7 քաշային կարգում: Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Տաթեւ Հակոբյանը, Իզաբելա Յայլյանը՝ բոլորն էլ լավ մասնակցեցին: Շեշտադրությունը մեդալների վրա չէր, այլ վարկանիշային միավորների: Հակոբ Մկրտչյանն էլ նորմալ հանդես եկավ: Նա կշարունակի, բայց ոչինչ չի տա: Ես նրա «խաթրը» չեմ ուզում կոտրել, բայց արդյունք չի տա: Թող շարունակի, ոչինչ:

Զրո ստացավ Անդրանիկ Կարապետյանը: Վերջացավ, նա այլեւս մրցաշարի չի մասնակցի, պայքարի չի գնա. վերջ:

Սիմոն Մարտիրոսյանը դեռ օլիմպիական վարկանիշ չունի: Նա դեռ պետք է կմասնակցի Իրանի վարկանիշային մրցաշարին: Այս պահին վարկանիշ ունի միայն Գոռ Մինասյանը, բայց նա էլ դեռ պետք է մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Սիմոնի հետ վարկանիշային մրցաշարին կմասնակցեն նաեւ Ռուբեն Ալեքսանյանն ու Հակոբ Մկրտչյանը։ Մեր արդյունքները լավ են: Այս տարի միայն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից նվաճել ենք 118 մեդալ տարբեր հավաքականներում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։