Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

16:43   21 դեկտեմբերի, 2019

«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը չի առաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի եւ «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանի հետ հաստատված երեք թեկնածուներից մեկն էր։ Խորեն Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն։

«Սիրելի բարեկամներ,

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին վերջապես հրաժեշտ տալու հրամայականն էր, երկրորդը՝ հայկական ֆուտբոլին նոր շունչ հաղորդելը և այդքան պահանջված փոփոխություններ սկսելը։

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր հանդիպել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Արմենի հետ միասին արձանագրեցինք, որ հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ ունենք նույնական տեսլական։ Չնայած որոշ հարցերում մենք ունենք տարբերվող մոտեցումներ, սակայն քննարկման արդյունքում մենք հանգել ենք այն եզրահանգմանը, որ ընդհանուր առմամբ կարող ենք համատեղ ուժերով հայկական ֆուտբոլը դուրս բերել նոր մակարդակի։

Ելնելով վերոնշյալից՝ որոշել եմ հանել թեկնածությունս որպես ՀՖՖ նախագահ և պաշտպանել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը։ Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի Արմենին հաջողվի իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին զրուցել ենք։ Փորձս և գիտելիքներս շարունակելու եմ ծառայեցնել հայկական ֆուտբոլին՝ ամեն կերպ օժանդակելով մեր երիտասարդներին։

Հարգանքով՝
Խորեն Հովհաննիսյան»։

ՀՖՖ նախագահի եւ գործկոմի անդամների ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին ՀՖՖ արտահերթ ժողովում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։