Իսրայել Հակոբկոխյան․ Բռնցքամարտում առաջացած այս պառակտումը ոչ մի լավ բանի չի բերելու

13:38   19 դեկտեմբերի, 2019

Բռնցքամարտում առաջացած այս պառակտումը ոչ մի լավ բանի չի բերելու, Օլիմպիական խաղերը ձախողելու են։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

Դեկտեմբերի 13-18-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի «Կաշվե ձեռնոց» մրցաշարը, որի արդյունքներով որոշվելու է օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակից կազմը:

ՀԱՕԿ-ի մրցաշարից առաջ էլ Արթուր Գեւորգյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անցկացրեց Հայաստանի առաջնություն, որը նույնպես ընտրական էր վարկանիշային մրցաշարերի համար:

Հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակի մասին է խոսել Իսրայել Հակոբկոխյանը:

«Գուցե բախտի բերմամբ, հաջողվի օլիմպիակաբ վարկանիշ ձեռք բերել, բայց երեկվա ու նախորդ օրերի մենամարտերը դիտելուց հետո ես այնտեղ մի նորմալ մենամարտ չտեսա: Լավ է,որ մրցաշար են անցկացնում, մրցակցությունն են բարձրացնում, բայց գուցե ես մնացել եմ անցյալի բռնցքամարտում, ինձ համար բռնցքամարտին մոտ մենամարտեր չեղան այդ մրցաշարում: Գուցե ծակ պրոֆեսորներ հայտնվեն, ասեն շատ լավ մենամարտեր եղան...

Հայկական բռնցքամարտում առկա պառակտունը միայն վնասում է մարզաձեւին եւ մարզիկներին: Ես չգիտեմ՝ ինչպես է կազմակերպվելու վարկանիշային մրցաշարերի մասնակցությունը:

Վերջերս հետեւում էի ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցարզույցին եւ շատ զարմացած եմ, որ նա այդքան շատ գումարներ է ներդրել ֆուտբոլում: Զարմանում եմ, որ ֆուտբոլիստներից մեկը չի կանգնում ասի՝ այս մարդը այսպիսի բաներ է արել ֆուտբոլի համար, ընկերական խաղեր է կազմակերպել, ֆուտբոլիստներին ուղարկել է բուժման Գերմանիա, իսկ մենք այդպիսի հնարավորություններ չունենք:

Սովետական Միության ժամանակ «Հրազդանն» ամենահիասքանչ մարզադաշտերից մեկն էր: Կուզենայի, որ չվերածվի վետերոկի:

Եթե մի մարդ գործով ապացուցել է՝ ինչերի է ընդունակ, ուրեմն նրան պետք է հնարավորություն տալ:

Օրինակ՝ Լոռին վաղուց թիմ չուներ, այն տղան ստեղծեց թիմ ու մի քանի տարում ու արդեն հաջողություններ են գրանցում: Ես տեսել եմ այնտեղ ինչ մարդիկ են։ Մարզիչը Զիդանի նման հանճարեղ քննադատում է ու այդպիսի մարդիկ այսօր եկել են ուզում են ֆուտբոլում մի բան անել: Երեւի այնտեղ ֆինանսական լվացքատունը շատ ուժեղ է աշխատում

Ես չեմ ասում Ռուբեն Հայրապետյանը հետ գա ֆուտբոլի ֆեդերացիա, ոչ էլ ասում եմ՝ գա եւ գլխավորի բռնցքամարտի ֆեդերացիան, այլ այդ գումարները, որ ուղղել է ֆուտբոլին, դրա մի մասը դնի բռնցքամարտում։ Ֆուտբոլում «անաղուհացերը» շատ են: Բռնցքամարտիկները շնորհակալ մարդիկ են:

Երկու ֆեդերացիա այժմ ունենք, երկուսն էլ չեն մոտենում այլեւս բռնցքամարտին: Եթե մարզաձեւում մի բան արվում է զուտ գովազդի, անունը գովազդելու համար, դա սպորտին ոչ մի զարգացում չի բերի»,- ասաց Իսրայել Հակոբկոխյանը:

«Կաշվե ձեռնոց» մրցաշարի հաղթողներ են դարձել․

52 կգ՝ Կորյուն Սողոմոնյան

57 կգ՝ Արթուր Բազեյան

63 կգ՝ Հրայր Շահվերդյան

69 կգ՝ Արմեն Մաշակարյան

75 կգ՝ Արման Դարչինյան

81 կգ՝ Գոռ Ներսեսյան

91 կգ՝ Հենրիկ Սարգսյան

+91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։