19:55 9 դեկտեմբերի, 2019Դեկտեմբերի 9-ից 10-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Սեմինարին մասնակցում է նաև Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալում» Ժոզե Մոուրինյոյի նախկին օգնական, անգլիական «Միդլսբրոն» և «Նոթինգեմ Ֆորեսթը» գլխավորած Այտոր Կարանկան, որը կիսվեց իր տպավորություններով, հիշեց Հայաստանում կայացած Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը, դրվատանքի խոսքեր ասաց Մոուրինյոյի և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հասցեին:
«Առաջին հանդիպումը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել եմ հենց Հայաստանում` 25 տարի առաջ, երբ դեռ 21 տարեկան էի: Այդ խաղը ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ:
Շատ բաներ եմ սովորել Խինես Մելենդեսից, որը մեծ ավանդ ունի իմ` որպես մարզիչ կայանալու մեջ: Խինեսը հիանալի մարդ է և շատ ուժեղ մասնագետ: Իսպանիայում նա արդեն ապացուցել է, որ կարողանում է մեծ հաջողությունների հասնել պատանեկան ֆուտբոլում, ակադեմիա կառուցել: Վստահ եմ, որ նույնը Մելենդեսը կկարողանա անել նաև Հայաստանում: Նույնիսկ Իսպանիայում Մելենդեսի պես ֆուտբոլային քիչ մասնագետներ կան:
Կաշխատեի՞ Հայաստանում համապատասխան հրավերի դեպքում: Ժամանակը ցույց կտա:
Մոուրինյոն շատ ուժեղ կողմեր ունի: Ժոզեն միշտ ազնիվ է ֆուտբոլիստների հետ ու խաղացողներից սպասում է առավելագույն նվիրվածություն և արդյունք: Նա աշխարհի լավագույն մասնագետներից մեկն է: Շատ բաներ եմ սովորել թե Մոուրինյոյից, և թե Մելենդեսից»,- նշեց Կարանկան:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.