«Լիդս Յունայթեդի» սպորտային տնօրեն․ Հայ ֆուտբոլիստների խաղամակարդակը բարձրացել է

17:03   9 դեկտեմբերի, 2019

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Սեմինարին մասնակցում է նաև անգլիական «Լիդս Յունայթեդի» իսպանացի սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան, որը կիսվեց իր տպավորություններով և դրվատանքի խոսքեր ասաց ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ու հայ ֆուտբոլիստների հասցեին:

«Հպարտ եմ, որ Խինես Մելենդեսի պես մասնագետն ինձ հրավիրել է Հայաստան: Դա ինձ համար մեծ պատիվ է: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ծանոթանալու ևս մեկ եվրոպական երկրի ֆուտբոլային տնտեսության հետ:

Երբ աշխատում էի «Զենիթում», նկատել էի, թե ինչքան լավ են հայ ֆուտբոլիստները պատրաստված տեխնիկապես: Այդ ժամանակ պետերբուրգյան ակումբում էր խաղում Արտյոմ Սիմոնյանը: Կարծում եմ, որ դուք բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեք և կարող եք հաջողության հասնել:

Հնարավո՞ր է, որ ապագայում հայ ֆուտբոլիստների հրավիրեմ «Լիդս Յունայթեդ»: Անհնարին ոչինչ չկա: Հայ ֆուտբոլիստների խաղամակարդակը բարձրացել է և այսօր շատերը պատրաստ են համալրել անգլիական ակումբներ: Օրինակ, Երջանիկ Ղուբասարյանը հանդես է գալիս գերմանական «Համբուրգում»: Այնպես, որ շատ հնարավոր է, որ ապագայում հայ ֆուտբոլիստներ կհամալրեն «Լիդս Յունայթեդը»»,- նշեց իսպանացի մասնագետը:

ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացին մասնակցում են տարբեր տարիներին ՊՐՈ, Ա և Բ արտոնագիր ստացած ավելի քան 250 մարզիչներ:

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։