Գաբրիել Սարգսյան․ Ինձ համար անակնկալ էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը

09:48   10 դեկտեմբերի, 2019

Ինձ համար անակնկալ էր արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Ուրախ եմ, որ կարողացա շրջանցել բոլորին: Հուսամ՝ հաջող խաղ կունենամ նաեւ աշխարհի առաջնությունում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էստոնիայից ասաց շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որը Տալինում տեղի ունեցած արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը:

Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և, հավասար քանակությամբ միավոր ունենալով ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի ու ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ, լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է հռչակվել:

«Այս առաջնությունն ինձ համար ավելի շատ նախապատրաստական փուլ էր կայծակնային եւ արագ շախմատի աշխարհի առաջնությունից առաջ: Չէի մտածում, որ կկարողանամ առաջ անցնել եւ հաղթել այստեղ բոլորին: Ամենաբարդ պարտիան վերջինն էր, որ պետք է հաղթեի եւ հնարավորություն ունենայի առաջին տեղ գրավել:

Անկեղծ՝ ես այդքան էլ սիրահար չեմ արագ շախմատի եւ բլիցի: Ավելի շատ կողմնակից եմ դասական շախմատին: Բայց վերջին ժամանակներս շատ մրցումներ են անցկացվում արագ եւ կայծակնային շախմատի, ես էլ եմ մասնակցում: Ունեցել եմ հաջողություններ, տարիներ առաջ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն եմ գրավել: Արագ շախմատում սա իմ առաջին մեծ հաջողությունն էր:

Այս մրցաշարին մասնակցեցի, որպեսզի մի քանի օրից մեկնարկող աշխարհի առաջնությունից առաջ մարզավիճակ հավաքեմ: Ուրախ եմ, որ կարողացա հաջողություն գրանցել: Հիմա շատ հոգնած եմ: Հիմնական խնդիրն աշխարհի առաջնությունից առաջ դա է: Եվրոպայի առաջնությունը ծանր գրաֆիկով էր, շատ էին պարտիաները»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-30-ը Մոսկվայում:

Գաբրիել Սարգսյանի հետ տարեվերջյան մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի հավաքականի մյուս անդամները՝ Լեւոն Արոնյանի գլխավորությամբ:

«Մինչ այդ հավաք կունենամ Ծաղկաձորում մեր լավագույն շախմատիստներից մեկի՝ Սամվել Տեր-Սահակյանի հետ: Աշխարհի առաջնությունը, Եվրոպայի համեմատ, ավելի հանգիստ գրաֆիկով է, բայց անհամեմատ հետաքրքիր ու մրցակցային: Կազմն ավելի ուժեղ է լինելու, մասնակցելու են լավագույնները՝ այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը եւ մյուսները: Շատ ուժեղ մրցաշար է սպասվում: Մեր հավաքականի բոլոր անդամները խաղալու են: Հուսով եմ՝ կհաջողվի լավ հանդես գալ: Վերջին տարիներին արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը դասվում է ամենաուժեղ մրցաշարերի շարքին, շատ մեծ մրցանակային հիմնադրամով:

Շախմատային առումով վատ մարզավիճակում չեմ: Պատրաստ եմ աշխարհի առաջնությանը: Ֆիզիկական առումով պետք է վերականգնվեմ, որին էլ ուղղված է լինելու ծաղկաձորյան հավաքը:

Ցավոք, որեւէ մարզաձեւով այս պահին չեմ զբաղվում, որպեսզի կարողանամ պահպանել ֆիզիկական վիճակս: Հոգնածության հետ կապված խնդրի վրա պետք է աշխատել: Ֆուտբոլ էի խաղում, փորձում էի շաբաթական մեկ անգամ խաղալ, բայց վերջին շրջանում դա էլ չի ստացվում: Շախմատիստի համար որեւէ մարզաձեւով զբաղվելը շատ անհրաժեշտ է: Այդ առումով Ծաղկաձորում կօգտագործեմ այնտեղի պայմանները եւ հնարավորինս կմարզվեմ: Իրականում մարզասրահներում մարզվել չեմ սիրում: Շախմատի համար վազելն է շատ օգտակար, բայց Երեւանում բացօթյա տարածներ շատ քիչ կան, մասնավորապես այն համայնքում, որտեղ ես ապրում եմ: Այս առումով Երեւանում խնդիր կա բացօթյա սպորտով զբաղվելու համար: 10-օրյա հավաքում կփորձեմ Ծաղկաձորում լավ մարզավիճակ ձեռք բերել»,- նշեց Գաբրիել Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։