Թովմաս Գրիգորյան. ՀՖՖ վարչական շենքը չի կարող հանդիսանալ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ

22:09   6 դեկտեմբերի, 2019

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՖՖ Գործկոմի նիստից հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ առաջարկելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին արձակուրդ վերցնել:

«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ, այսօր կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա Արտահերթ ժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Բարձրաձայնեցի անհանգստություն այն մասին, որ ՀՖՖ Նախագահի թեկնածություն առաջադրած Արմեն Մելիքբեկյանը դեռեւս շարունակում է ղեկավարել Ֆեդերացիան, ինչը ենթադրում է, որ նրա ենթակայության տակ է նաեւ Արտահերթ ժողովի կազմակերպման գործընթացը։

Ա․ Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ, քանի որ ՀՖՖ վարչական շենքը չի կարող հանդիսանալ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ։ Հույս ունեմ՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը խոհեմ կգտնվի եւ կընդունի առաջարկս»,- ասված է Թովմաս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը՝ «Փյունիկի» կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթում ՀՖՖ կանոնադրության հետ անհամապատասխանություններ ունենալու պատճառով:

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։