ՀՖՖ-ն կասեցրեց 7 կազմակերպության անդամություն

19:49   6 դեկտեմբերի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ գործկոմի նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝

1.«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում

2.ՈԻԵՖԱ-ի համերաշխության վճարների բաշխում

3.2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի (այսուհետ՝ Ժողով) օրակարգի, անցկացման վայրի և ժամի հաստատում

4.ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/անդամի լիազորությունների դադարեցման և նոր նախագահի/անդամի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը

5.Անդամավճարների չափի սահմանումը և ներկայացումը Ժողովի հաստատմանը

Գործկոմի ընթացքում ՀՖՖ Գլխավոր քարտուղարության կողմից մանրամասնորեն ներկայացվեցին ՀՖՖ 7 անդամների՝ «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ,  «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, ««Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ  ՀՖՖ Գործկոմի կողմից ՀՖՖ անդամության կասեցման հիմնավորումները: 

Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացավ առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունեց որոշում կասեցնել վերոնշյալ 7 անդամների անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները: 

ՀՖՖ Գործկոմը կողմ քվեարկեց օրակարգի երկրորդ հարցին՝ ՈԻԵՖԱ-ի համերաշխության վճարների բաշխմանը Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակից ակումբների միջև:

ՀՖՖ Գործկոմը հաստատեց, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Խանջյան 27): Որոշում ընդունվեց Ժողովի օրակարգը հաստատել ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստի ընթացքում:

Օրակարգի 4-րդ հարցի քննարկման ընթացքում որոշվեց այդ հարցը տեղափոխել և ներառել ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստի օրակարգում:

ՀՖՖ Գործկոմը կողմ քվեարկեց անդամավճարների չափի սահմանմանը և ներկայացմանը ժողովի հաստատմանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։