Առաքել Միրզոյան. Ժողովրդի քննադատությունները տեղին են եղել, ես մեղավոր եմ

14:08   2 սեպտեմբերի, 2012

«Մինչեւ այսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչ եղավ, ինչու այդպես եղավ եւ ինչն էր պատճառը: Բայց տապալումիս պատճառը ոչ անձնական քաշ գցելն էր, ոչ էլ թիմից անկախ մարզվելը: Ես լավ արդյունք ցույց կտամ Ռիո-2016-ում եւ մեր ժողովրդից այս ձախողման համար ներողություն կխնդրեմ»:

NEWS.am Sport-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր ձախողումը Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերում ծանրորդ Առաքել Միրզոյանը:

Առաքել, Օլիմպիական խաղերից հետո դու երկար ժամանակ լռեցիր: Ինչպե՞ս հաղթահարեցիր անհաջողությունդ:

Այո, երկար ժամանակ ասպարեզ դուրս չեկա, քանի որ անմիջապես իմ ելույթից երկու օր հետո սկսել եմ նոր մարզումներ: Այժմ լավ տրամադրություն ունեմ, փորձում եմ հաղթահարել ձախողումս: Դրանում ինձ օգնում են մեր սպորտի ղեկավարները: Բայց այժմ ավելի ոգեւորված եմ, քանի որ նախապատրաստվում եմ այս տարվա նոյեմբերին կայանալիք աշխարհի ուսանողական առաջնությանը:

Ինձ համար մեծ անհաջողություն էր Օլիմպիական խաղերում լավ հանդես չգալը: Օլիմպիական խաղերը իմ գերնպատակն էին, նույնիսկ, կարող եմ ասել` կյանքիս նպատակներից ամենառաջինն էր: Բայց չստացվեց: Չեմ հուսահատվում, քանի որ սա սպորտ է եւ սպորտում ամեն ինչ հնարավոր է:

Մեր ժողովրդին շատ եմ հուսախաբ արել: Ինձ համար աններելին սա է: Ուժերս փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերում` լավ մարզավիճակով, լավ մարզումներով, անելու եմ ամեն ինչ, որ ժողովրդի տրամադրությունը բարձր պահեմ, օլիմպիական մրցահարթակում մեր հիմնը հնչի եւ դրոշը բարձրանա իմ հաղթանակով: Հիմա այս տրամադրությունն ունեմ եւ հերթականությամբ ամեն ինչ կանեմ:

Ի՞նչ տեղի ունեցավ օլիմպիական մրցահարթակում:

Թե ինչ տեղի ունեցավ օլիմպիական մրցահարթակում` այդ մասին չեմ ցանկանում հիշել: Ժողովրդի քննադատությունները տեղին են եղել: Ես մեղավոր եմ, քանի որ սպասելիքներն ինձանից շատ էին: Իմ մեղավորությունն այն է, որ ես չկարողացա ծանրաձողը բարձրացնել: Ժողովուրդը շատ էր սպասում իմ հաղթանակին: Ցավում եմ, որ հուսախաբ արեցի բոլորին իմ վատ ելույթով: Ուզում եմ, որ իմ պարտությամբ չընկճվեն եւ հավատան, որ ես դեռ կարդարացնեմ ժողովրդի սպասելիքներն ինձանից: Այդ ծանր ու դժվար մարզումները ես եմ անցկացրել, երկար եմ մարզվել ու սպասել Օլիմպիական խաղերին: Մարզումներից առաջացած կոշտուկները իմ ձեռքերում են. ես չէի կարող չկամենալ իմ հաղթանակը, իմ պետության դրոշը բարձրացնել ու հիմնը հնչեցնել: Չկա մի մարզիկ, որ չկամենա վերելք ապրել սպորտում, հարգանքի, ժպիտների ու մեծարումների արժանանալ: Բայց առանց վայրէջքների վերելք չի լինում: Բոլոր լեգենդար մարզիկներն էլ, սկսած իմ հորից ունեցել են վատ ելույթ, զրո արդյունք: Բայց ապացուցել են, որ իրենք ուժեղ են, եւ դա պահ է մարզիկի կյանքում, երբ ծանրաձողը անհաղթահարելի է թվում:

Քեզ մեղադրեցին անձնական քաշ գցելու եւ ավտոտնակում` թիմից առանձին մարզվելու համար:

Իմ պարտությունը քաշ գցելուց չէր եւ ոչ էլ առանձին մարզվելուց: Նախ ասեմ, որ ես «գառաժում», ինչպես հայտարարվել է, չեմ մարզվել: Ես մարզվել եմ իմ հոր անվան մարզադպրոցի դահլիճում: Կարող եմ բոլորին հրավիրել այնտեղ եւ թող տեսնեն, թե ինչ մարզադահլիճ է դա, նորագույն մարզասարքերով: Կցանկանայի, որ Հայաստանում բոլոր մարզադահլիճներն այդպես վերանորոգված եւ կահավորված լինեին:

Ինչ վերաբերում է իմ անձնական քաշին` ես գցել եմ ընդամենը վեց կիլոգրամ քաշ: Բայց իմ փոխարեն հայտարարվեց, որ ես տասը կիլոգրամ քաշ եմ գցել: Ինձ քաշ գցելը չի խանգարել: 2009  թվականին, երբ ես  դարձա աշխարհի փոխչեմպիոն, այդ ժամանակ ութ կիլոգրամ քաշ էի գցել: Այս Օլիմպիական խաղերում ես մինչեւ վերջին օրը նորմալ սնվել եմ, նորմալ ինքնազգացողություն ունեցել: Դա ուղղակի պահ էր, որ ինձ մոտ չստացվեց: Այդ պահին ես չկարողացա իմ իրական ուժերը ներդնել եւ ծանրաձողը բարձրացնել: Մինչեւ այսօր ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ եղավ, ինչու այդպես եղավ եւ ինչն էր պատճառը:

Սա իմ առաջին Օլիմպիական խաղերն էին եւ առաջին պարտությունը: Ծանրամարտում ես շատ հաջողություններ եմ ունեցել: Սկսել եմ մարզվել 5 տարեկանից: Այդ տարիքում 20 կիլոգրամանոց ծանրաձող եմ բարձրացրել: Առաջին հաջողությունս եղել է 2005 թվականին` Եվրոպայի պատանիների առաջնությունում, որտեղ ես գրավել եմ չորրորդ մրցանակը: Առաջին մեդալս եղել է արծաթե, որը ես  նվաճել եմ 2006 թվականին Բուլղարիայում կայացած Եվրոպայի պատանիների առաջնությունում: Ապա 2008-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության երեք ոսկե մեդալակիր եմ դարձել 69 կգ քաշային կարգում, նույն տարում աշխարհի երիտասարդական առաջնությունում` արծաթե մեդալակիր: 2009-ին 19 տարեկանում ես դարձա Եվրոպայի չեմպիոն` Եվրոպայի մեծահասակների առաջնությոնում: Այս նույն մրցաշարում ես ճանաչվեցի Եվրոպայի լավագույն մարզիկ: Նույն տարում արդեն աշխարհի առաջնությունում նվաճեցի արծաթե մեդալը  69կգ քաշային կարգում: Իմ այս բոլոր հաջողությունները ես ձեռք եմ բերել 69 կգ քաշային կարգում: Բայց 2010 թվականին քաշս փոխեցի եւ հանդես եկա 77 կգ քաշային կարգում: Այդ քաշային կարգում  Հայաստանի գավաթի առաջնությունում 161 կգ պոկում վարժությունում վնասվածք ստացա` կոտրվեց ձեռքս, մեջքս եւ ոտքս: Ծանրաձողը ընկավ վրաս: Այս մրցաշարից մեկ ամիս անց ես պետք է մասնակցեի Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդպես էլ չմասնակցեցի, քանի որ մեկ տարի անցկացրեցի անկողնում` վիրակապերի մեջ: Երկու ծանր վիրահատություն տարա, բայց այդքանից հետո ոտքի կանգնեցի եւ վճռական տրամադրությամբ որոշեցի շարունակել իմ հաջողությունները ծանրամարտում:

Ծանրամարտը ի՞նչ դեր ունի քո կյանքում:

Ծանրամարտն իմ կյանքն է: Ես ինձ տեսնում եմ ծանրամարտում եւ կարծում եմ` Աստված ինձ բնածին ուժ է տվել: Դա հասկացա այն ժամանակ, երբ մեկ տարի անկողնում պայքարեցի իմ առողջության համար: Իմ ապաքինման համար երախտապարտ եմ բժիշկ Արմեն Չարքչյանին: Նա է ինձ ոգեշնչել եւ հավատացրել, որ ես կարող եմ ոտքի կանգնել եւ շարունակել իմ սպորտը: Նա գիտեր, որ ես շատ էի ցանկանում Օլիմպիական խաղերի մասնակից լինել եւ ջանք ու եռանդ չէր խնայում ինձ ապաքինելու համար:

Ինչ-որ մեկից նեղացա՞ծ ես:

Ոչ: Ոք մեկից չեմ նեղացել: Ինձ ոչ ոք չի նեղացրել: Շնորհակալ եմ իմ հորից եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից: Նրանք ըմբռնումով մոտեցան, ինձ հետ զրուցեցին եւ հասկացան, որ սա սպորտ է եւ ամեն ինչ սպորտում հնարավոր է: Նրանք ինձ շատ օգնեցին, ոգեշնչեցին եւ օգնեցին դուրս գալ այդ ծանր վիճակից: Այդ օրը ես ոչինչ չէի զգում, չքնեցի այդ գիշեր: Բայց երբ առանձին զրույց ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ` թեթեւացա, որ քո ղեկավարը քեզ օգնում է եւ անկախ ամեն ինչից իմ կողքին է: Ես նրա աշխատանքը սպորտի ոլորտում շատ բարձր եմ գնահատում: Որպես մարզիկ հստակ կարող եմ ասել` եթե Գագիկ Ծառուկյանը հրաժարվի սպորտի ոլորտից, նրա ետեւից շատ մարզիկներ կհեռանան սպորտից, կթողնեն սպորտը: Նա մեզ համար պարոն Ծառուկյան չէ, նա մեզ համար լավ ղեկավար է, լավ ընկեր, լավ բարեկամ միշտ մեր կողքին կանգնած: Այս Օլիմպիական խաղերում նրա աջակցությունը ես շատ զգացի: Նա ինձ ուժ տվեց` նախապատրաստվել մյուս մրցմանը:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։