Սլավիկ Գալստյան․ Արդեն 90 տոկոս պատրաստ եմ 67 կգ-ում պայքարել Տոկիո-2020-ի ուղեգրի համար

12:26   5 դեկտեմբերի, 2019

Կարեն Ասլանյանին շնորհակալ եմ այս լարված պայքարի համար: Նա արժանի մրցակից էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, որը Հայաստանի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը:

«Գասպրոմ-Արմենիա» մարզադպրոցում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ եզրափակիչն ամենավիճարկելին էր:

Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 63 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճած Գալստյանը Հայաստանի առաջնությունում առաջին անգամ հանդես եկավ օլիմպիական քաշային կարգում՝ 67-ում, որտեղ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից հետո առաջատարը 2018 եւ 2019 թթ.Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանն էր:

Հայաստանի առաջնության եզրափակիչում Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց Կարեն Ասլանյանին: Համառ պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սլավիկ Գալստյանը: Գոտեմարտն ավարտվեց 7:6 հաշվով:

«Շատ դժվար պայքար դասավորվեց ինձ համար եզրափակիչում: Գոտեմարտի վերջին վայրկյաններին կարողացա հաղթել: Մրցակիցս շատ ուժեղ էր, երկու անգամ մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Կարեւորը՝ կարողացա առավելության հասնել, բայց ուզում եմ նշել, որ արժանի մրցակից էր: Կարեն Ասլանյանից շատ շնորհակալ եմ այս գոտեմարտի համար: Առաջին մրցումս էր նոր քաշային կարգում: Ինձ լավ էի զգում 67-ում: Կփորձեմ ավելի լավացնել մարզավիճակս:

Հետագա անելիքներս մարզիչների հետ կորոշենք, թե որ վարկանիշային մրցաշարերին կմասնակցեմ: Քաշային կարգս փոխել եմ օլիմպիական ուղեգրի համար: Այս պահին արդեն 90 տոկոս պատրաստ եմ 67-ում պայքարել Տոկիո-2020 ուղեգրի համար»,- ասաց Սլավիկ Գալստյանը:

Ասլանյան - Գալստյան գոտեմարտն ամենալարվածը ստացվեց Հայաստանի առաջնությունում: Մի քանի վիճարկելի դրվագներում կարմիր եւ կապույտ անկյունների մարտավկաները բողոքարկեցին գորգի մրցավարի որոշումները:

Առաջնության մրցավարական կազմը գլխավորում էր օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, որի վերջնական որոշումների վրա ոչ մի ներգործություն չէին ունենում բորբոքված մարտավկաների, մարզիչների եւ կողքի մարդկանց դժգոհությունները: Մասնավորապես, գորգի մրցավարի եւ մրցավարական կազմի որոշումները հունից հանեցին Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ, հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանին:

Վերջին դրվագում Կարեն Ասլանյանը 6:7 պարտվելիս, հրում հնարքով դուրս է հանում գորգից Սլավիկ Գալստյանին, ինչը սակայն գորգի մրցավարը չի հաշվում: Ասլանյանի մարզիչները բողոքարկում են մրցավարի որոշումը, բայց մրցավարական կազմը չի բավարարում այն՝ պատճառաբանելով, որ Գալստյանի ոտքը լիարժեք դուրս չէր եկել գորգից: Վիճարկելի դրվագը երկար քննարկումներից հետո ավարտվեց Սլավիկ Գալստյանի օգտին, որի ձեռքը բարձրացնելուց հետո Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը զայրացած հեռացավ մարզադահլիճից:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգի առաջատար, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը դեռ մայիսին հայտարարել էր մրցագորգ վերադառնալու եւ օլիմպիական ուղեգրի համար պայքարելու մասին: Հայաստանի առաջնությանը Հարությունյանը չներկայացավ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։