Էդուարդ Սահակյան․ Ունենք խնդիրներ, որոնք պետք է շտկենք մինչեւ Եվրոպայի առաջնություն

09:15   5 դեկտեմբերի, 2019

Ես չեմ պատասխանում հարցին, թե ինչպես է որոշվելու 77 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի մասնակիցը: Այսպես NEWS.am Sport-ի հարցին պատասխանեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Մայրաքաղաքի «Գասպրոմ-Արմենիա» մարզադպրոցում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր 82 ըմբիշ: 10 քաշային կարգերում որոշվեցին հաղթողները:

«Հայաստանի առաջնությունում յուրաքանչյուր քաշում կար պայքար, որը գեղեցկացրեց մեր մրցումները: Ունենք հավաքներ, մի շարք միջազգային մրցաշարեր, որից հետո միայն կհայտարարենք Եվրոպայի առաջնության կազմը: Գիտենք՝ դրսում մեր խոցելի տեղերը որոնք են եւ կանենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով եւ լավ մարզավիճակով մասնակցենք Եվրոպայի առաջնությանը:

Ունենք խնդիրներ պարտերում, դիմացկունության հետ կապված: Այս ամենը պետք է շտկենք մինչեւ Եվրոպայի առաջնություն:

Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը եւ Արսեն Ջուլֆալակյանն ազատված էին Հայաստանի առաջնությունից: Կա տակտիկա, ստրատեգիա եւ, ըստ այդմ, այս ըմբիշներն ազատված էին: Նրանք մեզ կմիանան դեկտեմբերին անցկացվելիք ծաղկաձորյան հավաքին»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանն արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիրը, բայց դեռ հայտնի չէ, թե ով է մասնակցելու, քանի որ ըմբշամարտում ուղեգրերն անվանական չեն:

«Այդ հարցին չեմ պատասխանելու, թե ով կամ ինչպես է ընտրվելու 77 կգ քաշային կարգի Օլիմպիական խաղերի մասնակիցը: Մինչ այդ մենք դեռ շատ անելիքներ ունենք, շատ հարցեր ունենք կարգավորելու: Երբ այդ հարցերը կարգավորենք, նոր կհայտարարենք: Մարզչական խորհուրդը կորոշի, թե ով կմասնակցի: Նույնը եւ Սլավիկ Գալստյանի քաշային կարգը փոխելու մասին կարող եմ ասել.մարզիչներով կորոշենք, թե ով որ քաշում է մասնակցելու: Դեռ ունենք մրցաշարեր: Երկու տեսակետ կա այստեղ. մարզիչները մտածում են իրենց շահի համար, մենք՝ թիմի շահերի համար: Այս ամենով հանդերձ պետք է փորձենք վարկանիշային մրցաշարերին եւ Եվրոպայի առաջնությանը մոտենալ այնպես, որ պատվով դուրս գանք»,- նշեց Էդուարդ Սահակյանը:

Դեկտեմբերի 11-24-ը ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք կանցնի Ծաղկաձորում:

Լուսինե Շահբազյան



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։