15:10 14 մարտի, 2012Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի Էլչին Ալիեւի հետ գոտեմարտում մրցավարների հրահանգին չենթարկվելու համար 55 կգ քաշային Ռոման Ամոյանը որակազրկվել է: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ տեղեկությունը հաստատեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Գլխավոր մարզչի խոսքով՝ Ռոման Ամոյանի եւ ադրբեջանցի Էլչին Ալիեւի գոտեմարտը նման է եղել փողոցային կռվի. «Կարծում եմ՝ բոլորդ տեսած կլինեք մրցումը: Կոնկրետ այդ գոտամերատը տհաճ երեւույթ էր ամբողջ Եվրոպայի համար: Գոտամերատը նման էր ոչ թե ըմբշամարտի, այլ փողոցային կռվի, որն արգելված է բոլոր օրենքներով: Իրականում այս վարքի համար մրցավարները պետք է պատժեին ադրբեջանցի ըմբիշին: Գոտեմարտի հաղթանակը պետք է լիներ Ռոման Ամոյանինը, սակայն, գրանցվեց ադբեջանցուն»:
Ըստ Լեւոն Ջուլֆալակյանի՝ գոտեմարտի ավարտին մրցավարներն իրեն թույլ չտվեցին բողոքարկել:
«Ես իրավունք ունեի բողոքարկելու: Փորձեցի, բայց գորգի մրցավարը չթույլատրեց եւ ինձ դեղին քարտ է ցույց տվեց: Իսկ նա այդ իրավունքը չուներ: Վերջին գոտեմարտի մրցավարները գորգի մրցավարին զգուշացրեցին, որ բողոքարկելու իրավունք ես, այնուամենայնիվ, ունեմ եւ ընդունեցին իմ բողոքարկումը: Սակայն արդեն այնտեղ ամեն ինչ որոշվել էր: Գոտեմարտի ավարտին Ռոմանը չէր ուզում մոտենալ հակառակորդին, որ բարձրացնեին հաղթողի ձեռքը: Ռոմանի վարքը, միանշանակ, հասկանալի է եւ հենց այդ պահվածքի համար նա պատժվեց: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինետին պատժեց մրցավարներին եւ Ռոման Ամոյանին, որ չէր ենթարկվում գորգի կանոններին: Սակայն մենք մնում ենք այն կարծիքին, որ պատժամիջոցը շատ սուր կիրառվեց Ռոմանի հանդեպ: Մենք մինչեւ երկրորդ տեղի համար կարող էինք պայքարել: Այնպես ստացվեց, որ հակառակորդը առանց միավորներ հավաքելու, նա դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Դա տհաճ էր բոլորին, որովհետեւ միայն մենք չէինք նկատել: Բոլորն էլ խոսում էին այդ մասին: Կա պարտվել իրականում, կա պարտվել ոչ ճիշտ մրցավարական մոտեցումով»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Թե ինչ ժամանակով կորակազրկեն հայ ըմբիշին, դեռեւս հայտնի չէ: Գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ Ամոյանին պատժելուց առաջ երկար կմտածեն:
«Մի շաբաթից ՖԻԼԱ-ի բյուրոյի նիստ է լինելու, որտեղ բոլոր մրցավարների մասնակցությամբ հարցերը կքննարվեն: Այս մցրումները անցած տարիների մրցումներից տարբերվում էր մրցավարական կոպիտ սխալներով եւ կողմնակալ վերաբերմունքով: Իմ կարծիքով միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան ճիշտ որոշում կկայացնի Ամոյանի հարցով: Հուսանք, սպորտի նախարարությունն էլ քայլեր կձեռնարկի: Մենք չենք կարող այլեւս բողոք ներկայացնել ՖԻԼԱ-ին: Հիմք չունենք: Ըստ օրենքի մրցավարական կազմը վարում է գոտեմարտի ընթացքը: Մարտինետին արել է քայլ եւ պատժել է մրցավարներին: Մենք բողոքարկելու իրավունք չունենք, որովհետեւ փաստն այն է, որ երկու կողմներ էլ պատժվել են: Էմոցիաների խնդիր կար, Ռոմանն ավելի գեղեցիկ կարող էր հրաժարվել պարտությունից: Բյուրոյի նիստի ժամանակ կքննարկվի, որ նման մոտեցում չլինի մյուս մրցումների եւ մասնավորապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.