ՀԸՖ գլխավոր քարտուղար․ Շատ դժգոհ եմ Հայաստանի առաջնության մասնակիցների քանակից

11:51   27 նոյեմբերի, 2019

Դժգոհ եմ Հայաստանի առաջնության մասնակիցների քանակից: Երեւանի մի քանի մարզադպրոցներում ունենք ըմբշամարտի մարզիչներ, խմբեր, բայց մարզիկներ չկան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Երեւանի նորաբաց «Գազպրոմ-Արմենիա» մարզադպրոցում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

«Նախորդ տարի մասնակիցների քանակը 90 էր: Այս տարի 75, հաջորդ տարի 65 կլինի ու այդպես կիջնի: Մի օր կգա այնպիսի ժամանակաշրջան, որ Հայաստանի առաջնությանը կմասնակցի միայն ազգային հավաքականը: Շատ դժգոհ եմ:

Երեւանում կան մարզադպրոցներ, որ ունեն պետական ֆինանսավորում, այդ դպրոցներն ունեն 3, 4, 5 մարզիչ, բայց մարզիկներ չկան: Այդ դպրոցներից մասնակիցներ չունենք: Մարզիչների հետ զրուցում եմ, ասում են պատճառն այն է, որ մարզադպրոցները մանկապատանեկան են եւ 18 տարեկանից հետո բոլոր մարզիկները գնում են բանակ: Այսինքն՝ երեխան, եթե արդյունք չի անում Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, միանգամից գնում է բանակ:

Քանի դեռ սպորտային վաշտը չի գործում, մենք գնալով մարզիկներ չենք ունենալու: Այն ժամանակ կար սպորտային վաշտը եւ հնարավորություն ունեինք Հայաստանի առաջնություններում գործուղման կարգով նրանց մասնակցությունն ապահովել: Դա մեծ խթան էր, մարզիկները մարզվում էին, մասնակցում էին եւ այդտեղից լավ մարզիկներ էին դուրս գալիս,  լավ արդյունքներ էին անում: Եթե այսպես շարունակվի, ոչ միայն ըմբշամարտի, այլ ամբողջ հայկական սպորտի մեջքը կկոտրվի: Երեխան մարզվում է մինչեւ համալսարանական տարիքը, ընդունվում օրինակ՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ու, եթե արդյունք չունի Եվրոպայից կամ աշխարհից, միանշանակ գնում է բանակ: Երկու տարի ծառայությունից հետո 90 տոկոսը գորգ չի վերադառնում:

Կառավարությանը խնդրում եմ՝ վերանայել սպորտային վաշտը բացելու գործընթացը: Գիտեմ, որ նախագիծը կա, բայց գործուղումներով մարզիկներին մարզումների, մրցումների մասնակցելու հնարավորություն տալը պարտադիր է: Հայկական սպորտին մենք վնասում ենք: Մայրաքաղաքում ունենք «Դինամո», «Աշխատանքային ռեզերվներ»,«Հայաստան մարզական միություն» մարզադպրոցներ, բայց չունենք մարզիկներ: Սա ընդհանուր հարց է: Սպորտում այս պահին խնդրային է մարզիչների որոկավորման հարցն ու բանակի հարցը: Եթե չլուծենք այս երկու կարեւոր խնդիրները, արդյունք չենք ունենալու:

Նաեւ ցանկանում եմ կրկին դիմել Կառավարությանը խնդրանքով, որ մարզիչների աշխատավարձերը բարձրացնեն: Այսօր 60-70 հազար դրամով նորմալ մարզիչ չենք ունենա: Նրանք օրը 5-6 ժամ են անցկացնում մարզադալիճներում այդ աշխատավարձով: Այսկերպ ոչ մի դրական արդյունքի չենք հասնի, որակ չենք ունենա:

Սերնդափոխության կարիք ունի հավաքականը, բայց նոր դեմքեր չկան: Գլխավոր մարզիչը Հայաստանի առաջնությունից առաջ արդեն տեսնում է, թե ովքեր են լինելու եզրափակիչում: Դա նշանակում է՝ ոչինչ չի փոխվել: Միհրան Ջաբուրյանը դարձավ Հայաստանի չեմպիոն 57 կգ քաշային կարգում: Շատ լավ է, որ այս տարիքում Ջաբուրյանը կրկին վերադարձել է գորգ, բայց նա առաջին անգամ 2004 թվականին էր Հայաստանի չեմպիոն դարձել: 15 տարի անց նշանակում է ոչինչ չի փոխվել: Բա ո՞ւր են մյուսները: Այս երկու օրերի ընթացքում երիտասարդները հիմնականում զիջեցին ավագ սերնդին: Իսկ իրականում երիտասարդներն ուղղակի իրավունք չունեին զիջել մեծահասակներին: Վատն այն է, որ ոչ մի փոփոխություն չունենք. եկող երիտասարդներ չունենք: Շատ վատ է»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Ազատ ոճի Հայաստանի չեմպիոններ էին դարձել Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գեւորգ Մխեյան (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյան (79կգ) Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-4-ը նույն մարդապրցում:  

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։