ՀՖՖ հավաքական թիմերի մենեջերը՝ ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ

13:22   26 նոյեմբերի, 2019

ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, ով դարձել է ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈւԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈւԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, որը մասնակցել է կոմիտեի նիստին։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հրաչյա Ղամբարյանը ներկայացրեց կոմիտեի կազմը, պատմեց կոմիտեի նիստի մանրամասների և աշխատանքային հեռանկարների մասին.

«Կոմիտեի նախագահը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին է, նախագահի տեղակալը՝ Բորիսլավ Միխայլովը, առաջին փոխնախագահը Պավել Չեբանուն է, երկրորդը՝ Դեյան Սավիչևիչը, երրորդը՝ Լուիշ Ֆիգուն:

Կոմիտեում ընդգրկված են նաև Խոսե Մոլինան, Մարկո Պանտելիչը, Օլեգ Պրոտասովը, Միխայ Ստոյկիցան, իսկ աշխատանքներին մասնակցում են նաև Եվրոպական ակումբային ասոցիացիաների ներկայացուցիչ Էմիլիո Բուտրագենիոն, Եվրոպական լիգաների ներկայացուցիչ Պեդրո Պրոենսան և հատուկ խորհրդական Ռոբերտո Ռոսետին:

Ինչպես տեսնում եք, կոմիտեի գործունեությանը մասնակցում են ֆուտբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող անձինք, ուստի ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՖՖ առաջին ներկայացուցիչը եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմնի գլխավոր հանձնաժողովներից մեկում: 

Նիստի սկզբում բացման խոսքով հանդես Լևան Կոբիաշվիլին։ Քննարկվեցին ֆուտբոլային աշխարհին վերաբերող մի շարք հարցեր՝ ֆուտբոլ խաղի կանոնները, մրցումների անցկացումը, կրթությունը, ֆուտբոլիստների տրանսֆերային նոր քաղաքականության մշակումը, ֆուտբոլի զարգացումն ու կանանց ֆուտբոլը։

Ես հանդես եկա Հայաստանում փորձնական տարբերակով անցկացված Еlite Youth Academy ծրագրի մասին ամփոփիչ զեկույցով, ինչպես նաև մասնակցեցի ֆուտբոլային մի շարք հիմնախնդիրների մասին քննարկումներին։ Հուսով եմ, որ այս պաշտոնում աշխատելիս կկարողանամ նպաստել ֆուտբոլի զարգացմանը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։