WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն Գոռ Երիցյանը նշանադրվել է (ֆոտո)

16:41   25 նոյեմբերի, 2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Երիցյանը նոյեմբերի 24-ին նշանադրվել է:

25-ամյա բռնցքամարտիկի ընտրյալը ապագա դիզայներ Էլեն Շահբազյանն է: Զույգը հանդիպում է շուրջ 2 տարի:

Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս 2017 թվականից եւ արդեն անցկացրել է 12 մենամարտ՝ առանց պարտության: WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոնն արդեն իր նորամուտն է նշել ամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կազմակերպված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում, որտեղ կիսամիջին քաշային կարգում իր 12-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գոռ Երիցյանը հայտնեց առաջիկայում ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի հետ նոր պայմանագիր կնքելու ծրագրերի մասին:

«Punch Boxing promotion-ն՝ ի դեմս հիմնադիր Արամ Դավթյանի, այժմ հանդիսանում է իմ մենեջերը: Առաջիկայում ես եւ Արամ Դավթյանը պայմանագիր կկնքենք ամերիկյան Top Rank Promotion-ի հետ:

ԱՄՆ-ում մարզվում էի հայտնի Wild Card Boxing Club-ում, անվանի մարզիչ Ֆրեդի Ռոաչի հետ: Top Rank-ի ներկայացուցիչներն ինձ տեսել են մարզումների ժամանակ: Այժմ վերջնական քննարկումների փուլն է, կարծում եմ՝ պայմանագիրը կկնքենք: Կշարունակեմ աշխատել մարզիչ Ֆրեդի Ռոաչի հետ:

Ի դեպ, նույն՝ Wild Card Boxing Club-ում է մարզվում նաեւ Նարեկ Աբգարյանը եւ հնարավոր է՝ Top Rank Promotion-ը միանգամից երկուսիս հետ կնքի պայմանագիր»,- ասաց Գոռ Երիցյանը:

Լուսինե Շահբազյան

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։