13:04 18 նոյեմբերի, 2019Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ) ազգային դեսպան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Նոյեմբերի 20-ին կնշվի երեխաների համաշխարհային օրը: ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նոյեմբերի 18-ին Արթուր Ալեսքսանյանը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի կողմից պաշտոնապես նշանակվեց Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան:
Նախքան նշանակումը հաստատող փաստաթուղթը ստորագրել, Արթուր Ալեքսանյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի կրտսեր ներկայացուցիչներին պատմեց իր մանկական երազանքների, փոքր տարիքից ճիշտ սննդակարգով ապրելու, սպորտով զբաղվելու իր տեսակետները, նաեւ բացահայտեց իր ամենասիրելի ուտեստը՝ թոնրի խորոված:
Զրույցից հետո Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի հետ ստորագրեցին դեսպանի նշանակման ու հետագա համագործակցության փաստաթուղթը:
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան: Կարծում եմ, Հայաստանում երեխաները պաշտպանված են: Բայց վերջերս մի քանի վիճակագրական տվյալների ծանոթացա, ըստ որի մինչեւ 5 տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է, իսկ 9 տոկոսը՝ թերսնված: Սա շատ լուրջ խնդիր է, որի մասին պետք է մտածել եւ լուծելու ճանապարհներ գտնել: Երեխաները նախ պետք է ճիշտ սնվեն, որ առողջ լինեն: Կօգտագործեմ այս հնարավորությունը եւ կաջակցեմ ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում պաշտպանելու յուրաքանչյուր, հատկապես, խոցելի երեխաների առողջ ապրելու իրավունքը», - ասաց Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական չեմպիոնին ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ կապույտ շապիկ եւ հուշանվեր հաձնվեց՝ ի նշան ՄԱԿ-ի անդամ դառնալու:
Հիշեցնենք, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.