Աբրահամ Խաշմանյան․ Արկածախնդրության կողմնակից չեմ, չենք գնա դրան

21:58   17 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը  Իտալիայի Պալերմո քաղաքում տեղի ունեցած Եվրո-2020-ի ընտրական մրցավարի վերջին տուրի նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

NEWS.am Sport-ը ներկայացնում էր ուղիղ հեռարձակում Պալերմոյից։

«Թիմն ընդամենը երկու օր ուներ պատրաստվելու համար։ Հիմնականում վերականգնողական մարզում է եղել։ Մենք պատրաստ ենք խաղին։

Համաձայն չեմ, որ Իտալիայի հավաքականը մոտիվացիա չունի։ Բոլոր խաղերում հաղթանակ տանող հավաքականը չի կարող մոտիվացիա չունենալ։

Դարձյալ խաղալու ենք հինգ պաշտպանով։ Ունենք շատ կադրային կորուստներ։ Հավաքականը պետք է ունենա նաեւ երկրորդ խաղային սխեմա։ 10 տարի մենք ֆիքսված ենք մեկ սխեմայի վրա՝ չորս պաշտպանով։ Երկրորդ սխեման մեզ հնարավորություն կտա ավելի լավ մտածել եւ ավելի արդյունավետ եւ ճկուն լինել խաղադաշտում։

Մեր առաջին մոտիվացիան պատվախնդրության հարցն է, պետք է դուրս գանք խաղադաշտ առավելագույնը անելու համար։

Այսօր չի կարելի է Հայաստանի հավաքականը համեմատել Իտալիայի հավաքականի հետ։ Ունենք մեր թիմի համար բազմաթիվ կարեւոր խաղացողների կորուստ։

Իտալիայի հավաքականը համարում եմ լավագույններից մեկն աշխարհում, եւ վստահ եմ, որ հասնելու են մեծ հաջողությունների։

Ռիսկի դիմելու համար մենք պետք է ունենանք որոշակի հարձակողական ներուժ։ Ես ինքս արկածախնդրության կողմնակից չեմ եւ չենք գնա դրան։ Կփորձենք խաղալ կազմակերպված ֆուտբոլ եւ հնարավորության դեպքում, արագ հակագրոհել»,- նշեց Աբրահամ Խաշմանյանը։

Ասուլիսին մասնակցում էր նաեւ շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը․

«Շատ լավ մարզավիճակում եմ, վերականգնման համար որոշակի ժամանակ ունեցանք։ Թիմը լավ վիճակում պատրաստվում է վաղվա խաղին»,- նշեց Կալիսիրը։

Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

J խմբից եզրափակիչ մրցաշարի ուղեգրերը նվաճել են Իտալիան ու Ֆինլանդիան։

Սամվել Սուքիասյան՝ Պալերմոյից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.