20:31 14 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի Հունաստանի դեմ հանդիպման նախօրեին հրավիրած ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։
«Այնքան էլ երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը: Բայց չպետք է կենտրոնանք դրա վրա: Երեք օրվա մեջ փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ հավաքականը պատրաստ է վաղվա խաղին: Նպատակը մեկն է` քաղել առավելագույնը:
Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականին: Ամբողջովին փոխվել է հույների կազմը: Դիտել եմ մրցակցի նախորդ երկու հանդիպումները Իտալիայի և Բոսնիայի դեմ: Կարող եմ ասել, որ շատ կազմակերպված և արդյունավետ ֆուտբոլ են խաղում:
Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թևկապը կրելու է Հովհաննես Համբարձումյանը: Նա շատ փորձառու է և ունի առաջատարի բնավորություն:
Հրավիրե՞լ ենք Հենրիխին հրավիրել ենք հավաքական` թիմի կողքին լինելու համար, սակայն նա մերժել է։ Երբեմն ֆանտաստիկայի ժանրից լուրեր են հայտնվում մամուլում:
Մխիթարյանը վնասվածք ունի, բնական է, որ պետք է վերականգնվի: Երկրպագուները առավելագույնն են սպասո՞ւմ հավաքականից։ Մենք էլ: Պետք է ճիշտ ընկալենք մեր հնարավորությունները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի քաղենք առավելագույնը: Ցանկանում ենք կենտրոնանալ վաղվա խաղի վրա:
Իմ պայմանագիրը «1+1» ձևաչափով է: Ֆեդերացիայի ղեկավարության կողմից ունեմ լիակատար վստահություն: Իմ ապագան ազգային թիմում կախված չէ առաջիկա երկու խաղերից:
Այսօր մենք ունենք 7 կորուստ: Բոլորն էլ արժեքավոր ֆուտբոլիստներ են: Միևնույն ժամանակ, բոլորն էլ 30 անց խաղացողներ են: Սերնդափոխությունն անհրաժեշտություն է:
Բայց մենք ի՞նչ ունենք այսօր։ Ունենք Էրիկ Վարդանյան, որը դեռ պետք է կայանա: Սերնդափոխության համար պետք են ռեսուրսներ, որն այսօր մենք չունենք: Գևորգ Կասպարովին պատահական չեմ հրավիրել ազգային հավաքական: Շատ լավ եմ ճանաչում նրան: Պետք է այսպիսի վաստակաշատ խաղացողներին հարգենք: Իմ բոլոր որոշումները բխելու են ֆուտբոլի խաղադաշտից։ Աշխատելու ենք մոբիլիզացնել բոլոր ֆուտբոլիստներին: Հավաքական է հրավիրվել նաև Արթուր Սարկիսովը, որը մեծ ցանկություն և ապացուցելու շատ բան ունի: Այսպիսի խաղացողներ պետք են ազգային հավաքականին:
Մեր ամենամեծ կորուստը Հենրիխ Մխիթարյանն է, ով եվրոպական թոփ մակարդակի խաղացող է: Երկրորդ ամենամեծ կորուստը Վարազդատ Հարոյանն է: Եթե ունենայինք Հարոյանի պես երկու կենտրոնական պաշտպան, կարող էինք գործել չորս պաշտպանով»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Ասուլիսին մասնակցեց նաեւ Կիպրոսի «Էնոսիս Պարալիմնիի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը կլինի հավաքականի ավագն առաջիկա խաղում։
«Գտնվում եմ լավ մարզավիճակում, ինչպես և թիմը: Ունենք կորուստներ, բայց շատ մարտական ենք տրամադրված: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի լավ խաղ ցուցադրենք և դրական արդյունք ունենանք: Արթուր Դանիելյանը լավ որակներ ունի: Եթե շարունակի նույն կերպ` իրեն շատ լավ ապագա է սպասվում:
Մարզչական փոփոխությունից հետո հույները ավելի թիմային ֆուտբոլ են խաղում: Նոր ֆուտբոլիստներ ունեն, արագ գրոհներ են կազմակերպում: Պետք է չեզոքացնենք իրենց ուժեղ կողմերը և օգտագործենք մեր ուժեղ կողմերը»,- նշեց Հովհաննես Համբարձումյանը:
Նոյեմբերի 15-ին նախատեսված խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Հունաստանի թիմին։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.