Հունաստանի թիմի մարզիչ․ Հայերը ցուցադրել են, որ կարող են տհաճություններ պատճառել մրցակցին

18:52   14 նոյեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրի` Հայաստանի դեմ երևանյան խաղից առաջ հույների գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան'տ Շիպը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մամուլի սրահում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Կարծում եմ` շատ մոտիվացված ենք: Չենք խաղում միավորների և խմբից դուրս գալու համար, բայց ցանկանում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել: Դա է մեր գլխավոր նպատակն այս պահի դրությամբ: Պետք է ցույց տանք, որ լավ ենք աշխատում և հավատում ենք մեր հաջողությանը: Կձգտենք զարգացնել բոսնիացիների դեմ նախորդ խաղում արձանագրած հաջողությանը: Հայաստանի հավաքականն ունի նոր մարզիչ, որը, միգուցե, կփոխի մարտավարությունը: Բայց մենք կենտրոնանում ենք մեր նպատակների վրա:

Հայերը արդեն ցուցադրել են, որ լավ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ ունեն և կարող են տհաճություններ պատճառել մրցակցին: Լավ խաղ է սպասվում: Իրավիճակը չի փոխվել: Սոկրատիսի հնարավորություններին մենք լավ ծանոթ ենք: Վերջին խաղերի համար նախընտրեցինք այլ ֆուտբոլիստների, փորձարկում ենք նորեկների: Պետք է շարունակենք փորձարկումները և գտնենք մեր խաղը:

Չեմ ցանկանում առանձնացնել Մխիթարյանին: Հայաստանի հավաքականը թիմ է: Ունեք նոր մարզիչ, բոլոր ֆուտբոլիստները կձգտեն ցուցադրել իրենց առավելագույնը` ազգային թիմին օգուտ տալու համար: Ունեք այլ անհատապես ուժեղ խաղացողներ, սակայն, կրկնվեմ, մենք կենտրոնանալու ենք մեր խնդիրների և նպատակների վրա»,- նշեց Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ասուլիսին մասնակցեց նաեւ ԱԵԿ-ի աջ պաշտպան Միխալիս Բակակիսը։

«Հաշվի ենք առել նախորդ հանդիպման արդյունքը և դասեր ենք քաղել: Խաղալու ենք մեր ֆուտբոլը և ձգտելու ենք դրական արդյունքի:

Լավ ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականին: Նոր մարզիչն իր հետ բերել է նոր մտքեր և խաղաոճ: Եթե ֆուտբոլիստները հաղթանակի քաղց և մեծ ձգտում դրսևորեն, կունենանք լավ արդյունքներ»,- նշեց Միխալիս Բակակիսը:

Հայաստան - Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին եւ կմեկնարկի 21։00-ին։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։